Գ. Մելիքյան. ՀՀԿ-ն պատասխանատու է իր արածի ու չարածի համար
«Ի տարբերություն շատ ուժերի, ՀՀԿ-ն պատասխանատու է իր արածի ու չարածի համար: Մենք երբեք պատասխանատվությունից չենք խուսափել, ի տարբերություն շատ ուժերի, ջայլամի քաղաքականություն չենք վարել»,- մեկնաբանելով ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանի այն հայտարարությանը, թե`«իշխող կուսակցությունը պատասխանատվություն պետք է վերցնի այս ընտրությունների նախաշեմին հաշվետու լինելու իր արածի ու չարածի համար»` Panorama.am-ին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
Հարցին, թե` Վ. Օսկանյանը ՀՀԿ-ի կողմից իր հասցեին հնչող հայտարարությունները անձնական բնույթի է համարում, պատգամավորը նշեց. «Եթե նա այդպես է մտածում, ապա սխալվում է: Մենք ցանկանում ենք, որ «թացն ու չորն» իրարից տարանջատվեն: Տարօրինակ է, երբ մի որևէ քաղաքական ուժի հետ 4-5 տարի արդյունավետ համագործակցում ես, միասնական ծրագրեր իրականացնում ու հանկարծ, ընտրություններից 1 ամիս առաջ, այդ նույն գործընկեր կուսակցության ներկայացուցիչներից մեկը քեզ քննադատում է այդ 4-5 տարիների ընթացքում իրականացված համատեղ աշխատանքի համար: Ո՞րն է այդտեղ տրամաբանությունը:
Առողջ քննադատությունն իհարկե ընդունելի է, ՀՀԿ-ն մշտապես խոսում է նաև իր բացթողումների, իր սխալների մասին, բայց մենք մեզ երբեք թույլ չենք տվել ասելու, որ նախորդ տարիների բացթողումների մեղավորը մեր գործընկեր ԲՀԿ-ն է կամ ՕԵԿ-ը: Եթե եղել են խնդրահարույց հարցեր կամ սխալներ, ապա մենք բոլորս էլ պատասխանատու ենք դրանց համար»: