Ֆրանսիայում նախագահ են ընտրում
Այսօր Ֆրանսիայում նախագահական ընտրություններ են, և Հայաստանի ժամանակով ժամը 10:00-ին արդեն բացվել են ընտրատեղամասերը: Այս ընտրություններում հիմնական մրցակիցներ են գործող նախագահ Նիկոլա Սարկոզին և սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը. փորձագետների կարծիքով նախագահական ընտրությունների 2-րդ փուլն անխուսափելի է:
Ըստ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի, չնայած ժամային գոտիների տարբերություններին՝ Ֆրանսիայում նախագահական ընտրություններում քվեարկության արդյունքները կհրապարակվեն ապրիլի 23-ի առավոտյան:
Նախօրեին Ֆրանսիայում լռության օր էր. քվեարկությունից մեկ օր առաջ թեկնածուները հանգստանում են: Սարկոզին օրն անցկացրել է ընտանիքի հետ, իսկ Օլանդը ուղևորվել է իր հարազատ Տյուլ քաղաք, որի քաղաքապետն է եղել 2001-ից 2008 թվականներին և որտեղ էլ պետք է քվեարկի:
Սոցիոլագիական հարցումներից մեկի համաձայն, ընտրությունների առաջին փուլում սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը կարող է հավաքել 29% ձայն, իսկ գործող նախագահը՝ 24%: