ՀՀ Նախագահ. Մայրենի գրքի ու դպրության հանդեպ սերը հայ ժողովրդին ուղեկցել է իր պատմության բոլոր ժամանակներում (Լուսանկարներ)
«Աննախադեպ ու գեղեցիկ տոն է հինավուրց հայկական հողում: Բիբլիական Արարատ լեռան դիմաց հպարտորեն հառնած ու շուրջ 2800 –ամյա կենսագրություն ունեցող Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է գրքի համաշխարհային մայրաքաղաք: Խորհրդանշական է, որ Հայաստանի 12-րդ մայրաքաղաքը հենց 2012 թվականին դարձավ գրքի 12-րդ համաշխարհային մայրաքաղաք»,- Հայաստանի նախագահի մասնակցությամբ Երևանի քաղաքապետարանում քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու տոնակատարությունների առիթով Հայաստան ժամանած պատվիրակ-հյուրերի ղեկավարների ընդունելության ժամանակ իր ելույթում ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Երկրի ղեկավարը նշեց, որ ոսկեղենիկ մայրենի գրքի ու դպրության հանդեպ սերը հայ ժողովրդին ուղեկցել է իր պատմության բոլոր ժամանակներում, նույնիսկ այն ժամանակ, երբ թվացել է, թե այլևս անհնար է անգամ այդ մասին մտածելը:
«Ամեն անգամ հայ մարդը ոչ միայն փրկել է դրանց բեկորները, այլ արարչական մի զորությամբ նոր մատյաններ է գրել, գիտակցելով, որ անպայման գալու է այդ ամենը գնահատելու ու իմաստավորելու ժամանակը»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Նախագահը նշեց, որ Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաքի խորհրդանիշը ստանում է Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի նախօրյակին:
«Սա էլ հավաստումն է այն բանի, որ անհնար է սպանել ոգին ու ժողովրդի հավաքական միտքը»,- ընդգծեց Հանրապետության ղեկավարը:
Նա նշեց, որ հիշարժան այս օրերին, նաև ողջ տարվա ընթացքում Հայաստանի մայրաքաղաքում, Երևանի համայնքներում ու տարբեր քաղաքներում բազմաթիվ մշակութային իրադարձություններ են լինելու, որոնք մեկ նպատակ ունեն` ևս մեկ անգամ կարևորել գրքի դերը մեր կյանքում, ևս մեկ անգամ աշխարհի քարտեզին մեր տեղն ու էությունը ցույց տալ:
«Փաստ է, որ մենք գիտենք գնահատել, պահպանել, հարստացնել ոչ միայն հայոց, այլ համաշխարհային ու համամարդկային հոգևոր մշակույթին ժառանգությունը, որ յուրաքանչյուր քաղաքակիրթ ժողովրդի այցեքարտն է, լինելության գլխավոր նախապայմանը: Բարի երթ գրքի համաշխարհային մայրաքաղաք Երևանին»,- իր խոսքն ամփոփեց նախագահ Ս. Սարգսյանը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ իր շնորհակալությունը հայտնեց ՅՈՒՆԵՍԿՕ-ին վստահության համար, նշեց, որ Երևանը հստակ գիտակցում է ստանձնածի կարևորությունը ոչ միայն մեր երկրի, այլ նաև ողջ տարածաշրջանի ու միջազգային նշակության համատեքստում:
«Վստահ եմ, որ 2794-ամյա Երևանը ունի այն ներուժը, որ կկարողանա համախմբել ամբողջ աշխարհի գրասեր մարդկանց ու մասնագետներին: Սա բացառիկ առիթ է գրականության միջոցով խնթանելու գիտական, մշակութային, նաև քաղաքական, սսցիալ-տնեսական կյանքի զարգացումը: Հրաշալի առիթ է մշակութային երկխոսության, նաև միմյանց ճանաչելու, գնահատելու տեսակետից»,- ասաց Տ. Մարգարյանը:
Վենետիկի քաղաքապեռտ Ջիորջիո Օրսոնին ասաց, որ 500 տարի առաջ Վենետիկում լույս է տեսել առաջին հայալեզու գիրքը ու այս տարիների ընթացքում վենետիկցիների ու հայերի կապը գնալով սերտացել է:
«Այն պահից ի վեր, երբ Վենետիկի պետությունը նվիրաբերեց հայերին Սուրբ Ղազար կղզին, դարձավ կրթության ու մշակույթի օրրան: Վենետիկի ու վենետիկցիների համար հայերը հանդիսանում են հասարակության կարևոր մաս ու մեր երկու ժողովուրդներին միացնում է ոչ միայն մշակութային, նաև մարդկային սերտ կապը»,- նշեց նա:
Նշենք, որ քաղաքապետարանում կայացավ նաև «Հայ գրատպության 500-ամյակը. Երևանը` գրքի համաշխարհային մայրաքաղաք» թեմայով գեղաթերթիկի մարման պաշտոնական արարողությունը: Այն մարեցին Երևանի ու Վենետիկի քաղաքապետերը, տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը, «Հայփոստ թրասթ մենեջմենթ»-ի հավատարմագրային կառավարիչ Խուան Պաբլո Գեչիջյանը:
Գեղաթերթիկը զարդարված է մանրանկարով, Մատենադարանի, Վենետիկի պատկերներով:
Գեղաթերթիկի կենտրոնում պատկերված է հայ առաջին տպագրիչ, հայկական տպագրության սկզբնավորող և հիմնադիր Հակոբ Մեղապարտը` իր հիմանադրած տպարանի նշանով: Նամականիշի խորքում հայերեն առաջին տպագիր գիրքն է` «Ուրբաթագիրքը», վերջի աջ անկյունքում պատկերված է «Երևանը` 2012 թ. գրքի համաշախրհային մայրաքաղաք» ծրագրի պատկերանշանը: Նամականիշի դիզայներն է Անի Գևորգյանը, տպագրվել է Cartor (Ֆրանիսա) տպարանում, բազմագույն է, անվանագինը` 560դրամ, տպաքանակը` 30 հազար:
Քաղաքապետարանից հետո նախագահ Սերժ Սարգսյանն ու հյուրերը գնացին Հանրապետության հրապարակ, որտեղ դիտեցին աշակերտների ու ատեղծագործ նկարիչ պատանիների կավճանկար ու գեղանկար աշխատանքները:
Լուսանկարները՝ ԼԻԼԻԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա