Հայաստանցիներին «Մշո ճառընտիր» մագաղաթյա մատյանի մասին այսուհետ կհիշեցնի նաև «Վարք հավերժության» քանդակը
Տերյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում բացվեց քանդակագործ Դավիթ Երևանցու կերտած «Վարք հավերժության» կոթողը, որը նվիրվում է «Մշո ճառընտիր» հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագիր մատյանին:
Դ. Երևանցին, լրագրողներին ներկայացնելով աշխատանքն, ասաց. «Քանդակում երկու աղջիկ հավատացյալներ են, ովքեր հայոց ջարդերի ժամանակ ստանալով աստվածային իմաստություն, փրկում են հայկական ամենամեծ մագաղաթը: Ծանր լինելու պատճառով այն բաժանում են երկու մասի ու հասցնում Արևելյան Հայաստան: Ես կարող էի այլ լուծում տալ, սակայն հիշելով Չարենցի` միասնական հաղթանակի գաղափարը, հենց այս քանդակը ստացա` կանայք բաժանում են գիրքը ու մեջք մեջքի կանգնած, միասնական ջանքերով փրկում են այն` հայոց հավատքի վաղվա լուսաբացը»:
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հուշարձանի բացման ժամանակ իր ելույթում ասաց, որ մշակույթի այս անհայտ պահպանների շնորհիվ հայ ազգը կարողացել է պահպանել իր մշակութային ժառանգությունը, նրանց շնորհիվ է ապահովվել մեր ազգի հարատևությունը:
«Նրանց քայլն ուղղված է հավերժության. սա ոչ այլ ինչ է, քան անձնվեր հայ կանանց վարքն առ հավերժության»,- նշեց նախարարը: Հ. Պողոսյանը նաև ասաց, որ հայ ժողովուրդը ստեղծել է մի քանի տասնյակ հազարից ավելի ձեռագրեր, որոնք սփռված են աշխարհով մեկ ու պահվում են տարբեր գրադարաններում ու թանգարաններում: Հայրենիքից դուրս գտվելու պատճառը մեկն է` հայկական ձեռագրերեն իր ժողովրդի նման կրել է պատմական ողբերգական իրադարձության ազդեցությունը: Հայ մարդը միշտ սրբությամբ է վերաբերվել իր ձեռագրերին, պահպանել է, փրկել օտարազգի թշնամիներից: Պատմություններ կան` թե ինչպես են մարդիկ դժվարին պահերին փրկել ոչ թե տարիների ընթացքում կուտակած իրենց հարստությունը, այլ հոգևոր արժեքները, մասնավորապես` գրքերը, որտեղ ամրագրված է հայ լեզուն, մտածողությունը, ազգային ինքնությունը, ապրելու ու հարատևելու յուրօրինակ կոդը»,- նշեց նախարարը:
«Վարք հավերժության» քանդակն ունի 3 մետր բարձրություն: Այն ձուլվել է Պրահայում: Հուշարձանի ճարտարապետը Ռուբեն Հասրաթյանն է, իսկ քանդակը ստեղծվել է մոսկվաբնակ գործարար Արթուր Ջանիբեկյանի հովանավորությամբ:
Հուշարձանի բացմանը ներկա էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, օտարազգի բազմաթիվ հյուրեր, ովքեր Երևանում են «Երևանը` գրքի համաշխարհային մայրաքաղաք» հռչակելու ու Հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումներին շրջանակում:
«Մշո ճառընտիրը» հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագիր մատյանն է: Այն գրվել և ծաղկվել է 1200-1202 թթ. Երզնկայի Ավագ վանքում` Բաբերդի տանուտեր Աստվածատուրի պատվերով: Գրիչը Վարդան Կարնեցին է, ծաղկողը` Ստեփանոսը: Երևանի «Մշո ճառընտիրը» ի սկզբանե ունեցել է 660 թերթ (չափսերը` 55.5 x 70 սմ): «Մշո ճառընտիր» մատյանը 1202 թ. հափշտակել է Բաբերդի այլազգի դատավորը և 2 տարի Խլաթում թաքցնելուց հետո` 1204 թ.վաճառել է Մշո Առաքելոց վանքին (գումարը հավաքվել է հավատացյալ ժողովրդի հանգանակությամբ): Մինչև 1915 թ. ձեռագիրը պահվել է վանքում: Այժմ «Մշո ճառընտիր» մատյանի 601 թերթը (առանց կազմի, երկու մասի բաժանված) պահվում է Մատենադարանում, 17 –ը` Վենետիկում:
Նշենք, որ այսօր Հայաստանի պատմության թանգարանում բացված «Գրի հավերժություն» խորագրով ցուցահանդեսում ներկայացվում է նաև «Մշո ճառընտիր» մատյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են