Թիվ 3-ում Մհեր Շահգելդյանը մյուսներից հետ է մնում. ՀԱԿ թեկնածու
Երևանի Քանաքեռ-Զեյթունն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում առաջադրված միակ ընդդիմադիր թեկնածու Մանուել Գասպարյանը, որին պաշտպանում է Հայ Ազգային կոնգրեսը, գոհ է նախընտրական քարոզարշավից: «Ամեն ինչ նորմալ է, խնդիրներ մինչ օրս չեն եղել», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում փոխանցեց Մանուել Գասպարյանը:
Այս ընտրատարածքում առաջադրված մյուս երեք թեկնածուները կոալիցիոն կառավարությունը կազմող երեք կուսակցությունների ներկայացուցիչներն են` Հանրապետականից Արթուր Ստեփանյանը, որը նաև «Քեթրին» բարեգործական կազմակերպության նախագահն է, «Օրինաց երկիր»-ից` Մհեր Շահգելդյանը և «Բարգավաճ Հայաստան»-ից` Աշոտ Տոնոյանը (Տոնուսի Աշոտ):
Իր մրցակիցների հնարավորությունները Գասպարյանը հավասար է գնահատում, կաղում են միայն Մհեր Շահգելդյանի հնարավորությունները: «Համենայնդեպս, ես տեղեկություն եմ ստացել, որ Մհեր Շահգելդյանը մի փոքր հետ է մնում, քանի որ ինքը համայնքի բնակիչ չէ», -փոխանցեց Գասպարյանը:
Բարեգործական կազմակերպություն ղեկավարող Հանրապետական թեկնածուն, ըստ մեր զրուցակցի, պարբերաբար բարեգործական միջոցառումներ է անցկացնում համայնքի մանկապարտեզներում, բարեկարգումներ են կատարում: «Բայց այդ ամենին ես կարևորություն չեմ տալիս», -հավելեց Մանուել Գասպարյանը` նկատելով, որ իրենք փորձում են նաև ժողովուրդը կարողանում է տարբերակել` ով է քաղաքական գործիչը, ով է բարեգործը և ով` գործարարը:
Ի՞նչ այլընտրանք է ներկայացնում ընդդիմադիր թեկնածուն համայնքի բնակիչներին:
«Ես ներկայանաում եմ որպես ընդդիմադիր թեկնածու, ներկայացնում եմ իմ տեսակետները, իմ գաղափարները, ծրագրերը: Բակերում ներկայանում եմ միակ ընդդիմադիր ուժ, որը գալիս է համակարգային փոփոխություններ կատարելու հանրապետությունում: Բնակիչների մոտ հուզող հարցեր շատ կան` սկսած սոցիալականից, առողջական խնդիրներից վերջացրած բակային խնդիրներով: Մի շարք առաջարկներով, ճիշտ խորհուրդներով բնակիչները մեզ փորձում են ճիշտ ուղու վրա դնել: Ընդամենը մի բան է պետք` մտածել ամբոջ բնակչության մասին», -ներկայացրեց ընդդիմադիր թեկնածուն:
Ինչ վերաբերում է ընտրացուցակներին, ապա Գասպարյանն ասաց, որ իր նախընտրական շտաբը արդեն իսկ հավաքագրել է խախտումներ և դրանք փաթեթի տեսքով կներկայացնի ոստիկանություն:
«Եղել են դժգոհություններ, որ իրենց բնակարաններում այլ մարդու անուն-ազգանուններ են հայտնվել: Հիմա մենք փաթեթ ենք պատրաստում, որ դիմենք ոստիկանություն: Բնակիչներին հորդորում ենք, որ իրենք իրենց նախաձեռնությամբ կազմակերպեն էդ ամենը, քանի որ հենց իրենք պետք է դմեն անձամբ ոստիկանություն, եթե մարդն իր տան հասցեում այլ մարդու անուն է տեսնում», -հավելեց Մանուել Գասպարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա