Ապրիլի 27-ին` Ծաղկահավաք Ծիծեռնակաբերդում
Ապրիլի 27-ին՝ «Երկրի օրվա» միջոցառումների շրջանակներում, Ծիծեռնակաբերդում կիրականացվի Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի թերևս ամենախորհրդանշական և գունեղ միջոցառումը՝ ծաղկահավաքը: Այս մասին հայտնում են հիմնադրամի մամուլի ծառայությունից:
«Ամեն տարի ապրիլի 24-ին հարյուր հազարավոր մարդիկ ոգեկոչում են Մեծ եղեռնի (Armenian Genocide) զոհերի հիշատակը՝ ծաղիկներ դնելով Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ: Օրեր անց այդ ծաղիկները թոշնում են ու տեղափոխվում աղբանոց: Սակայն Վայրի բնության և մշակութային արժեքների հիմնադրամի յուրահատուկ ծրագրի շնորհիվ հնարավոր եղավ հիշատակման ծաղիկներին նոր կյանք պարգևել՝ վերամշակելով դրանք: Արդեն երեք տարի է, ինչ անմար կրակի մոտ բերված ծաղիկների ցողուններից պարարտախառնուրդ է ստեղծվում՝ հուշահամալիրի այգիների մշակման համար, իսկ ծաղկաթերթերը խնամքով հավաքվում են, չորացվում, ապա վերամշակվում: Վերամշակված թուղթը նաև օգտագործվում է շատ խորհրդանշական ձևով՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համար հուշագրեր, շնորհակալագրեր և հրավիրատոմսեր պատրաստելու համար»,-ասված է տարածած հաղորդագրության մեջ:
Հիմնադրամն անհատներին, կամավորներին ու կազմակերպություններին հրավիրում է մասնակցելու գունեղ այս միջոցառմանը:
«Մասնակցի´ր գեղեցիկ այս նախաձեռնությանը, դարձի´ր կամավոր և նոր կյանք պարգևի´ր` ի նշան հիշատակի նվիրաբերված միլիոնավոր ծաղիկներին` չլռեցնելով քո ձայնը: Ծաղկահավաքին մասնակցելու համար զանգահարիր FPWC, կամ ուղարկիր նամակ [email protected] հասցին»,-այսպես եզրափակվում է հաղորդագրությունը:
Նշենք, որ միջոցառումն անցկացվել է նախորդ տարիներին ևս:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա