ԲՀԿ-ՀԱԿ համագործակցությունը չի կայացել, կամ ինչպես փլուզվեցին Տեր-Պետրոսյանի անուրջները
Տեղեկացնելով, որ ապրիլի 18-ին Դիլիջանում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ ՀԱԿ-ի հետ իր կուսակցության համագործակցությունը դուրս չի գալիս ընտրությունների վերահսկման համատեղ շտաբի ստեղծման պայմաններից` «Голос Армении»-ն նկատում է, որ այս հայտարարությամբ Գ. Ծառուկյանը վերջ դրեց ԲՀԿ-ի հաջողությունից օգտվելու ՀԱԿ առաջնորդ Լ. Տեր-Պետրոսյանի անուրջներին:
Թերթը նկատում է, որ օրըստօրե թուլացող և իր լսարանի զգալի մասը կորցրած ՀԱԿ-ը փորձ է անում առաջ գնալ հին և արդեն մի քանի անգամ ստուգված քաղաքական մեթոդով, այն է` ջրի երեսին մնալ ավելի ուժեղ կուսակցության ուսերին նստելով: Միևնույն ժամանակ թերթը նկատում է, որ երբ «Ժառանգություն» կուսակցությունն արդարացիորեն սկսեց պահանջել, որպեսզի համատեղ շտաբի ստեղծման մասին փաստաթուղթը ստորագրեն կուսակցությունների առաջին դեմքերը` մասնավորապես ԲՀԿ-ից Օսկանյանի փոխարեն դա անի Ծառուկյանը, քանի որ ԲՀԿ-ն, այնուամենայնիվ, մնում է կոալիցիայի անդամ, ՀՅԴ-ն և ՀԱԿ-ը սկսեցին հարձակումներ գործել «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» վրա` մեղադրելով վերջիններիս իշխանությանը ծախվելու մեջ: Ըստ թերթի` Այս ամենի պատճառն այն է, որ մյուս ընդդիմադիրներն անում են ամեն ինչ` ԲՀԿ-ին իրենց կողքին պահելու համար: