Հովիկ Աբրահամյանի ունեցվածքը` պաշտոնական հայտարարագրով
«Հայկական ժամանակը» ԿԸՀ-ին ներկայացրած գույքի և եկամուտի հայտարարագրից տեղեկացել է, որ ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ ընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը վերջին մեկ տարում գյուղմթերքի իրացումից 40 մլն դրամի եկամուտ է ստացել: 2007-ն ԿԸՀ ներկայացրած հայտարարագրում Հ. Աբրահամյանը նշել էր, որ 2006-ին գյուղմթերքի իրացումից 1 մլն 200 հազար դոլարի եկամուտ է ստացել: «Համարձակվում ենք պնդել, որ ԱԺ-ի, կառավարության, ՀՀԿ-ի շրջանակներից դուրս հնարավոր չի լինի գտնել մի անհատ ֆերմեր, որ գյուղմթերքի իրացումից այսքան շահույթ ստացած լինի: 2012-ի մարտի 1-ի դրությամբ Աբրահամյանի բանկային հաշիվներին եղել է 2 մլն 50 հազար դոլար և 290 մլն դրամ: 2007-ին բանկում ունեցել է 55 մլն դրամ և 1 մլն 830 հազար դոլար: Հովիկ Աբրահամյանը հայտարարագրել է չորս անշարժ գույք` բնակարաններ Երևանի Թումանյան, Շմիդտի և Տերյան փողոցներում, համապատասխանաբար, 276, 146 և 260 ք/մ մակերեսներով ու մեկ ավտոտնակ Տերյան փողոցում: Թումանյանի վրայի բնակարանը նախկինում ունեցել է 18ք/մ մակերես: Աբրահամյանը նախկինում հայտարարագրել էր նաև 53 հա հող, որն այժմ նրա հայտարարագրում բացակայում է»,- փոխանցում է «Հայկական ժամանակը»: