Ռուբեն Հայրապետյանի միլիարդն ու միլիոնները
ԿԸՀ-ին ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրի համաձայն, ԱԺ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը 2012-ի մարտի 1-ի դրությամբ այլևս ոչ մի ընկերության սեփականատեր չի հանդիսանում և անգամ բաժնեմաս չունի: Այս մասին գրել է «Հայկական ժամանակը»: «2007-ին նա հայտարարագրել էր 14 ընկերությունների բաժնետոմսեր: Կարելի է ենթադրել, որ նա իր ընկերությունների բաժնետոմսերը գրանցել է հարազատների անուններով: Վերջին մեկ տարում Հայրապետյանն ունեցել է 16 մլն 460 հազար դրամի եկամուտ, որից 3 մլն 51 հազարն ԱԺ պատգամավորի աշխատավարձն է, իսկ մնացածը հայտարարագրել է որպես «Զարգացման հայկական բանկից» ստացած շահաբաժին:
Հայրապետյանի բանկային հաշիվներին 2012-ի մարտի 1-ի դրությամբ եղել են 1 մլրդ 300 մլն դրամ և 19 մլն 300 հազար դոլար: 2007 թվականին նա ունեցել 11 մլրդ 650 մլն դրամ և 18 մլն 500 հազար դոլար: Նա հայտարարագրել 15 հողամաս` Կոտայքի մարզի Պտղնի գյուղում` 2800 ք/մ, Սևանի ափին` 3690 ք/մ, Ավան-Առինջում` 3 հազ. ք/մ, Ծաղկաձորում` 2 հեկտար 47 հազ. ք/մ և Առինջում` 4 հեկտար մակերեսով: Բնակելի շինություն ունի Պտղնիում' 846 ք/մ և Սևանի ափին` 424 ք/մ մակերեսով:
Ռուբեն Հայրապետյանը հայտարարագրել է յոթ ավտոմեքենա, 2007-ին` հինգն էին: Այժմ նա ունի «Մերսեդես Բենց Վիանո», «Լեքսուս L470», «Ռոլս-Ռոյս», «Մերսեդես Բենց S500», «Պորշ-Կայեն», «Կադիլակ Դևիլ» և «Լեքսուս LT 600HL»: «Հին» ավտոմեքենաներից Հայրապետյանի ավտոպարկում մնացել է «Լեքսուս L470»-ը: Մնացածը նա 2007 թվականից հետո է ձեռք բերել: Նա չունի ութ միլիոն դրամը գերազանցող ոչ մի գույք»: