Է.Շարմազանով. Մեր դիրքորոշումը նույնն է` հայ-թուրքական հարաբերություններ առանց նախապայմանների (լրացված)
«Մեր դիրքորոշումն այն է, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն միայն առանց նախապայմանների»,- Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում ծաղիկներ դնելուց հետո լրագրողների հետ զրույցում Հայաստանի դիրքորոշումը կրկին բարձրաձայնեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Ցավոք այնպես է ստացվել, որ 300 հազար քմ Հայաստանից մեզ այսօր մնացել է 30 հազար քմ Հայաստան և 12 հազար քմ Արցախ: Ես ինքս անուղղելի օպտիմիստ եմ ու կարծում եմ, որ եթե Աստված մեզ տվել է այդ բնօրրանը տնօրինելու հնարավորությունը, ապա մենք մի օր անպայման վերականգնելու ենք այն: Դրա համար անհրաժեշտ է մի բան` թևութիկունք լինել»,- հավելեց ԱԺ փոխխոսնակը:
Նա նշեց, որ Հայաստանը նախ և առաջ պետք է շարունակի Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման գործընթացը, միջազգային դատապարտումը կկանխարգելի նոր ցեղասպանությունները, քանի որ այսօր էլ շարունակվում են ցեղասպանությունները: Ըստ նրա, ժխտողականությունը նույնքան ցեղասպանություն է, որքան ցեղասպանություն իրականացնելը, 2000-ից ավելի մշակութային հուշարձաններ են ոչնչացվել Թուրքիայում, այսօր էլ ոչնչացվում են, դա էլ ցեղասպանության շարունակությունն է: «Քանի դեռ Թուրքիայի վարչապետը, նախագահը, հասարակությունը չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, վտանգ կա, որ Եվրամիություն ձգտում է մի երկիր, որը ապրում է նույն արժեքներով, ինչով որ ապրում էր երիտթուրքական ու քեմալական Թուրքիան»,- ասաց Է. Շարմազանովը:
ԱԺ փոխխոսնակը նշեց, որ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը ու վերացնի ՀՀ շրջափակումը և առանց նախապայմանների շարունակի հարաբերությունները: «Եթե ցանկանում են զրո պրոբլեմ հարևանների հետ, պետք է քայլ կատարեն, ոչ թե հարևանների հետ հարաբերությունները բարելավելու շանսերը հավասարեցնեն զրոյի»,- ընդգծեց նա, ապա շարունակեց, որ Հայաստանը որևէ քայլ չի կատարի, մինչև Թուրքիան ինքը քայլ չկատարի:
Նրա խոսքով, այսօր հայ-թուրքական արձանագրությունները փաստացի սառեցված են: Իսկ պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է դրանք հետ կանչվեն, Է. Շարմազանովն ասաց. «Դա Հայաստանի նախագահի լիազորություններն են, իսկ նախագահը այս տարիների ընթացքում ապացուցել է, որ համահայկական առաջնորդ է, ողջ հայության առաջնորդն է, այն անձնավորությունն է, որ միշտ կանգնած է եղել Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման կողքին ու ինքն եղել այն ջատագովը, որ Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման գործընթացը պետք է շարունակվի»:
Ավանդաբար, հերքում է 20-րդ դարի սկզբին շուրջ 1.5 մլն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները և խիստ հիվանդագին է արձագանքում այդ հարցում Արևմուտքի քննադատությանը:
Հայոց ցեղասպանությունն արդեն ճանաչել և դատապարտել են Ուրուգվայը (1965թ.), Կիպրոսի Հանրապետությունը (1982թ.), Արգենտինան (1993թ.), Ռուսաստանի Դաշնությունը (1995թ.), Կանադան (1996թ.), Հունաստանը (1996թ.), Լիբանանը (1997թ.), Բելգիան (1998թ.), Իտալիան (2000թ.), Վատիկան (2000թ.), Ֆրանսիան (2001թ.), Շվեյցարիան (2003թ.), Սլովակիան (2004թ.), Հոլանդիան (2004թ.), Լեհաստան (2005թ.), Գերմանիան (2005թ.), Վենեսուելան (2005թ.), Լիտվիան (2005թ.), Չիլին (2007թ.), Շվեդիան (2010թ.): Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան