Հայոց ցեղասպանության մասին հոդվածը Վիքիպեդիայում ճանաչվել է «ընտրված»
Այսօր` ապրիլի 24-ին, Վիքիպեդիայի ռուսալեզու բաժնում «Հայոց ցեղասպանություն» (Armenian Genocide) հոդվածը, որն իրենից ներկայացնում է Մեծ եղեռնի ինչպես պատմական և մշակութաբանական, այնպես էլ իրավաբանական նյութերի ընդարձակ հավաքածու, ճանաչվել է որպես «ընտրված հոդված»: Այստեղ ներկայացված են նաև հայերի բնաջնջման գրեթե անհայտ էջեր, մասնավորապես` հայերի նկատմամբ բժշկական փորձարկումների մասին:
Որպես Օսմանյան Թուրքիայում բնակվող հայերի ոչնչացման արդարացում` օգտագործվում էր կենսաբանական հիմնավորումը: Կենցաղային պայմանների և դեղորայքի բացակայությունը բանակում բերել էր համաճարակների տարածման, որոնք խլում էին յուրաքանչյուր տասներորդ զինվորի կյանքը: Երրորդ բանակի բուժծառայության ղեկավար Թևֆիկ Սալիմի հանձնարարականով` բծավոր տիֆի դեմ շիճուկի ստեղծման նպատակով Էրզինջանի (Երզնկա) կենտրոնական հիվանդանոցում փորձարկումներ էին իրականացվում հայ զինվորների և ռազմական ուսումնական հաստատություննների ուսանողների վրա, որոնց մեծագույն մասը մահացել է: Փորձարկումներն անձամբ իրականացնում էր Ստամբուլի բժշկական դպրոցի պրոֆեսոր Համիդի Սուաթը, ով հայերին տիֆոֆ վարակված արյուն էր ներարկում:
Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Ստամբուլի ռազմական դատարանի կողմից գործի քննման նպատակով Համիդի Սուաթը` «սուր փսիխոզի» նշաններով տեղափոխվել է բժշկական դպրոցի հիվանդանոց: Այսօր նա համարվում է թուրքական բակտերիալոգիայի հիմնադիրը և նրան է նվիրված Ստամբուլում տուն-թանգարանը:
Նշենք, որ ռուսալեզու Վիքիպեդիայում, որտեղ տեղակայված է շուրջ 80 հազար հոդված, միայն 528 են ընտրված: Եվ այսօր Հայոց ցեղասպանության (Armenian Genocide) մասին նյութը տեղադրված է կայքի գլխավոր էջում` առաջին տեղում: Ընտրված հոդվածները Վիքիպեդիայում համարվում են թեման առավել լայն և բազմակողմանի ներկայացնող, և գրեթե հնարավոր չէ դրանց չարամիտ և քարոզչական նպատակներով խմբագրումը: Հոդվածը ընտրվել է Հայոց ցեղասպանության գիտակների` Վիքիպեդիայում տարիներ շարունակ անձնուրաց աշխատանքի շնորհիվ: