Բացվեց «Ասորի ժողովրդի 1915թ. անմեղ զոհերի հիշատակին նվիրված» հուշարձան. «Բոլորս միասին պետք է պահանջատեր լինենք»
Երևանի Մոսկովյան և Նալբանդյան խաչմերուկին հարող տարածքում բացվեց «Ասորի ժողովրդի 1915թ. անմեղ զոհերի հիշատակին նվիրված» հուշարձան: Նախքան հուշարձանի բացումը, ասորական Արևելյան եկեղեցու քահանա Իսխակ Թամրազը կատարեց հոգեհանգստայան արարողություն` մաքուր արամերեն` հին ասորերեն լեզվով:
Նշենք, որ Առաջին աշխարհամարտի տարիներին Երիտթուրքերը, բացի հայերի կոտորածից, ջարդեր էին կազմակերպել նաև կայսրության ներքո գտնվող ասորիների, հույների և արաբների նկատմամբ։
Հայաստանի ասորական միության նախագահ Արսեն Միխայելով ասաց, որ այս հուշարձանը ևս մեկ անգամ ապացուցում է, որ չի մոռացվել այն ցավը, որ ապրել են հայերը, ասորիները, նաև հույները թուրքերի պատճառով: «Բոլորս միասին պետք է պահանջատեր լինենք, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությանն ու հատուցի այն կորուստները, որ պատճառել է ազգերին»,- ասաց նա:
Արսեն Միխայելովը նաև տեղեկացրեց, որ հուշարձանի կանգնեցման գործում իրենց մեծ աջակցություն է ցուցաբերել ՀՀ իշխանությունները` ի դեմս երկրի ղեկավար Սերժ Սարգսյանի, իսկ ՀՀԿ-ն բացի բարոյական, նաև ֆինանսական օժանդակություն է ցուցաբերել:
Հուշարձանի բացմանը ներկա ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն ասաց, որ թեև աշխարհը փաստացի ընդունել է Ցեղասպանությունը, սակայն իրենց քաղաքական շահերը ժողովրդավարությունից ավելի բարձր են գնահատում: Նա համոզված է, որ մի օր բոլորն էլ կբարձրաձայնեն այդ մասին: Գ. Սահակյանը դիմելով հուշարձանի բացմանը ներկա ասորական համայնքի ներկայացուցիչներին, նշեց. «Հայաստանի հողը ոչ թե ձեզ հյուրընկալել է, այլ սա նաև ձեր հայրենիքն է: Հայ ժողովուրդն ընդունում է ձեզ ու երբեք չենք մտածում, որ տարբեր ժողովուրդներ ենք, որովհետև մեր ճակատագիրը նույնն է»:
Նշենք, որ հուշարձանի ճարտարապետը Հանիբալ Ալխազն է: Իսկ քանդակագործը` Ռուբեն Նալբանդյանը: Հուշարձանի բացմանը ներկա էին նաև տարբեր երկրներից ժամանած ասորի հյուրեր: Ասորի հյուրերից շատերը ելույթներ ունեցան, ու նրանք նույն տեսակետն էին արտահայտում` կոչ անել միջազգային հանրությանը` ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս ճանաչի Հայոց ցեղասպանությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ` ԼԻԼԻԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին