Գյումրեցի մանկապիղծը դատապարտվեց 12 տարվա ազատազրկման (տեսանյութ)
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է 2011թ. դեկտեմբերի 4-ին Գյումրիում տեղի ունեցած մանկապղծության դեպքով դատավարությունը:
Ինչպես տեղեկացնում է «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն, Գյումրու բնակիչ 25-ամյա Վարդան Ղազարյանը Գյումրու գիշերօթիկ դպրոցներից մեկի 10-ամյա սանին բռնաբարելու մեղադրանքով դատարանի կողմից դատապարտվել է 12 տարվա ազատազրկման և 50.000 դրամ տուգանքի: Վերջինս, խոստովանելով իր մեղքը, դատարանից խնդրել է մեղմել սահմանված պատիժը:
«Թեև մեծ աղմուկ հանած և Գյումրիում նախադեպը չունեցող մանկապղծության այս դեպքին «Շիրակ կենտրոնը» բազմիցս է անդրադարձել, ինչպես նաև անհայտ բարերարների աջակցությամբ զգալի օգնություն է տրամադրել սեռական ոտնձգության ենթարկված աղջնակի` ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում բնակվող բազմազավակ ընտանիքին, այնուամենայնիվ մի շարք հարցեր դեռևս մնում են անպատասխան…
Արդյո՞ք այս երեխան Գյումրիում տիրող համատարած աղքատության և երեխաների հանդեպ անուշադրության հերթական զոհը չէ: Արդյո՞ք այս ցավալի դեպքը տեղի կունենար, եթե գիշերօթիկ դպրոցի տնօրինությունն ու մանկավարժները, երեխայի ծնողներն ու հարևանները, ինչպես նաև մարզային ու տեղական իշխանություններն ու համապատասխան կազմակերպություններն անհրաժեշտ ուշադրություն և գործունեություն ծավալած լինեին սոցիալապես անապահով երեխաների հանդեպ կիրառվող բռնության դեպքերը կանխարգելու ուղղությամբ և այլն»,-ասված է ՀԿ հրապարակման մեջ:
Նախորդող հրապարակում`
Գյումրու գիշերօթիկի սանուհուն 25-ամյա տղան բռնաբարել է
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում