Սկանդալային բացահայտումներ «Արմենիան մոլիբդեն փրոդաքշնի» գործով
Անդրադարձնելով «Արմենիա մոլիբդեն փրոդաքշն» ընկերության տարածքում երեկ տեղի ունեցած պայթյունին` «Հայացքը» գրել է. «ՍՊԸ-ի ղեկավարությունը մինչ երեկվա դեպքը փորձում էր հավատացնել, թե «հատուկ ուշադրություն է դարձվում աշխատողների անվտանգության, առողջության և սանիտարահիգիենիկ պայմանների բարելավմանը»: Հիմա թերևս արդեն պարզ է, թե անվտանգությանն ինչպիսի ուշադրություն է դարձվում»:
«Այդ ընկերությունը մի քանի տարի է, ինչ մեզ մոտ փորձաքննություն չի անցել, մասնավոր ընկերություններում է անցել, իրենք գիտեն, թե ինչպես»,- թերթի հետ զրույցում ասել է ՀՀ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրեն Աշոտ Պետրոսյանը:
Թերթին ընկերությունից հաջողվել է տեղեկանալ, որ «Արմենիան մոլիբդեն փրոդաքշնը» վերջին տարիներին, համենայն դեպս 2011 թվականին, փորձաքննության է ենթարկվել «ԴԱՄԻ» ՍՊԸ-ի կողմից, որի տնօրենն է Դավիթ Աշոտի Սարգսյանը, ով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբորորդին է: