Կ. Աճեմյան. Ադրբեջանում շարունակվում են ոչնչացնել այն ամենը ինչը հիշեցնում է մեզ և մեր երկիրը
«Մենք ազատագրել ենք մեր հողերը, ադրբեջանցիների կողմից շարունակական ոչնչացումից փրկել ենք մեր պատմամշակութային հուշարձաններն ու եկեղեցիները: Նրանց կողմից մինչև այժմ էլ շարունակվում են ոչնչացվել այն ամենը, ինչը հիշեցնում է մեզ և մեր երկիրը»,- մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ կորեական «Diplomacy»-ին տված հարցազրույցը՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը:
Նշենք, որ վերոնշյալ հարցազրույցում Ի. Ալիևը նշել է, թե ավելի քան 20 տարի հայկական կողմը «օկուպացրել է ադրբեջանական հողերն ու ոչնչացրել հին պատմական հուշարձանները, մզկիթներն ու գերեզմանները»:
Պատգամավորն ընդգծեց, թե առաջին անգամ չէ, երբ այդ երկրի առաջին դեմքի կողմից իրականությունը խեղաթյուրող, ակնհայտ սուտ հայտարարություններ են հնչում:
«Եթե կողմերից մեկը պետք է խոսի պատմական ժառանգության ոչնչացման մասին, ապա դա հաստատ ադրբեջանական կողմը չէ, քանզի ողջ աշխարհն ականատես եղավ ոչ միայն ադրբեջանական տարբեր քաղաքներում դարերով պահպանված պատմական հուշարձանների ոչնչացմանն, այլ նաև Նոր Ջուղայում իրականացված մշակութային ցեղասպանությանը»,- ասաց Կ. Աճեմյանը:
«Ադրբեջանը նման հայտարարություններով փորձում է միջազգային հանրությանը շփոթության մեջ գցել, որովհետև նախ և առաջ հայտնի չէ, թե ի՞նչ նկատի ունեն ադրբեջանցիները, երբ ասում են «ադրբեջանական պատմական ժառանգություն» ու դա այն դեպքում, երբ Ղարաբաղում պահպանվում են 3-րդ դարի եկեղեցիներ:
Հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանը Արցախի հարցի հետ կապված մեսիջներ է հղում այնպիսի տարածաշրջանից, որտեղ գրեթե տեղյակ չեն հարցի նախապատմությունից: Եթե ԼՂ հիմնախնդիրն այս կամ այն կերպ քննարկվում կամ քնարկվել է եվրոպական կառույցներում, ապա այդ տարածաշրջանում, մարդիկ առհասարակ տեղյակ չեն թեմայից»,- ասաց նա: