Բ. Նավասարդյան. ԶԼՄ-ների գնահատման առումով մեր ընտրությունները դրական կդիտվեն բոլորի կողմից
Հեռարձակվող ԶԼՄ-ները ապրիլի 8-17-ն ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համաչափ լուսաբանում են ապահովել. 8 կուսակցություններին և 1 դաշինքին հիմնականում հավասար պայմաններ են տրամադրվել իրենց ծրագրերն ու հայացքներն ընտրազանգվածին ներկայացնելու համար: Ի տարբերություն նախորդ փուլերի, չեն արձանագրվել թաքնված քաղաքական գովազդի ակնհայտ հատկանիշներ պարունակող հաղորդումներ: Այս ամենը վկայում է Երևանի մամուլի ակումբի կողմից իրականացված Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ների մշտադիտարկման ու կազմված միջանկյալ հաշվետվությունը: Այս մասին ասուլիսում հայտարարեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Հիշեցնենք, որ Երևանի մամուլի ակումբը մարտի 1-ից սկսել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների լուսաբանման մոնիթորինգ իրականացնել: Մոնիթորինգի են ենթարկվում հանրային երեք լրատվամիջոցներ` Հանրային ռադիոն, Հանրային և «Շողակաթ» հեռուստաընկերությունները և մյուս 6 մասնավոր հեռուստաընկերութունները` Հայկական երկրորդ հեռուստաընկերությունը, «Արմենիա»-ն, «Շանթ»-ը, «Կենտրոն»-ը, «Երկիր Մեդիա»-ն, ինչպես նաև «Արմնյուզ»-ը: Հետազոտման առարկա են դառնում այն նյութերը, որոնցում առկա էին անդրադարձեր այն քաղաքական կուսակցություններին և շարժումներին, որոնք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել:
Բ. Նավասարդյանն ասաց, որ մշտադիտարկման արդյունքում պարզել է, որ հետազոտված հեռարձակողները նախորդ համազգային ընտրությունների, ինչպես նաև նախընտրական քարոզչության չորսշաբաթյա ժամանակահատվածին նախորդած ամիսների համեմատ անվիճելիորեն քայլ առաջ են գնացել: Չի կարելի նույնն ասել քաղաքական գործիչների վարքում. վերջիններս ոչ միշտ են ԶԼՄ-ներին ժամանակին տեղեկացնում իրենց նախընտրական միջոցառումների մասին, երբեմն խուսափում են մասնակցել քաղաքական բանավեճերին:
Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նկատմամբ առավել հետաքրքրություն են ցուցաբերել «Կենտրոն», «Արմնյուզ», «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունները, իսկ Հ1, «Արմենիա» և «Շանթ» հեռուստաընկերությունները մյուս հեռարձակողների համեմատ ներքաղաքական իրավիճակը քիչ են լուսաբանել:
Հետազոտված 9 հեռարձակողներից 8-ի լրատվական թողարկումներում ռեպորտաժներ են ցուցադրվել բոլոր 9 քաղաքական ուժերի միջոցառումների մասին: Քաղաքական ուժերի նկատմամբ ուշադրությունն առավել համաչափ է բաշխվել Հ2-ում, իսկ «Կենտրոնն» հիմնականում անդրադարձել է ԲՀԿ-ի լուսաբանմանը, «Երկիր Մեդիան»` ՀՅԴ-ի: Բոլոր մյուս ալիքներում առավել ինտենսիվ եղել է ՀՀԿ-ի լուսաբանումը, սակայն ոչ մեկի եթերում ՀՀԿ-ն այնքան բացահայտ առավելություն չի ունեցել լուսաբանման ծավալով, որքան ունեին ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն` համապատասխանաբար «Կենտրոնում» և «Երկիր Մեդիայում»:
Բ. Նավասարդյանն ասաց, որ կուսակցությունների առաջնորդների` ընտրարշավի հետ կապ չունեցող գործունեության լուսաբանման խնդիրը բավականին հրատապ է: Գլխավորապես, ըստ նրա, դա վերաբերում է ՀՀԿ-ին, որի ցուցակի առաջին և երկրորդ համարներն են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրանց ոչ կուսակցական գործունեության լուսաբանումը միջին հաշվով 20-30% -ով ավելացնում է ՀՀԿ եթերաժամանը տարբեր ալիքներում:
ԵՄԱ նախագահն ասաց, որ շարունակվում է քաղաքական ուժերին նշանային բնութագրիչով անդրադարձների տեսակարար կշռի միտումը: Նա նշեց, որ մշտադիտարկման սույն փուլում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին հեռարձակողների կողմից մեջբերված բացասական անդրադարձների ճնշող մեծամասնությունը պատկանում է հենց նրանց քաղաքական ընդդիմախոսներին: Նշանակային բնութագրիչով ամենաքիչ «կողմանակալությունը» դրսևորել է Հանրային ռադիոն, իսկ ամենաշատը` «Կենտրոնը» (նշանային բնութագրիչներով 22 անդրադարձներից 21 դրական անդրադարձը բաժին է ընկել ԲՀԿ-ին), այնուհետև` «Երկիր մեդիան» (ՀՅԴ-ն ստացել է նշանային բնութագրիչով 11 անդրադարձ ու բոլորն էլ դրական, իսկ ՀՀԿ-ն` 8 և բոլորն էլ բացասական): Հ1-ի եթերում հնչել է նշանային բնութագրիչով ընդամենը 5 անդրադարձ` բոլորն էլ դրական և ՀՀԿ-ի հասցեին, ինչը հետևանք է նախընտրական միջոցառումների մասնակիցների հետ բլից-հարցազրույցների, որոնցում նրանք դրական են արտահայտըվել կառավարող կուսակցությունների մասին:
Բ. Նավասարդյանը ներկայացնելով ամբողջ հաշվետվությունը, ընդգծեց, որ լրատվամիջոցների աշխատանքը կարելի է գնահատել դրական: «ԶԼՄ-ների աշխատանքը ընտրությունների գնահատման կարևոր բաղադրիչն է: Եթե այսպես շարունակվի, ինձ թվում է, ԶԼՄ-ների գնահատման առումով մեր ընտրությունները դրական կդիտվեն բոլորի կողմից»,- ասաց ԵՄԱ նախագահը:
Նախորդող նորություններ` Մշտադիտարկում. Ոչ մի կուսակցություն չի կարող բողոքել, որ անտեսվել է
Մոնիթորինգ. Քաղաքական ուժերի նկատմամբ ուշադրության բաշխման համաչափության առումով հեռուստաալքիները բավականին հավասարակշռված են
Մշտադիտարկում. Հեռուստաալիքներն ավելի հավասարակշիռ են դառնում