Դպրոցները քարոզչություն են անո՞ւմ. Ս.Նիկոյանը կդիմի Աշոտյանին
Այսօր տեղի է ունեցել ԱԺ նախագահին կից մոնիթորինգային խմբի հերթական հանդիպումը, որին մասնակցել են ընտրապայքարում ներգրավված քաղաքական ուժերի, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները: ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ այսօրվա հանդիպմանը ասնավորապես քննարկվել են ընտրողի` մեկ վայրից մյուսը տեղափոխվելու պարագայում տեղեկանքի տրման կարգի կիրառման ոչ միասնական դրսևորումները: Որոշվել է, որ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը սահմանված կարգով կդիմի ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը` պարզաբանումներ ստանալու և միջոցներ ձեռնարկելու համար, որպեսզի կարգը բոլոր համայնքներում գործի համանման` ըստ օրենքի պահանջի:
Մոնիթորինգային խմբի անդամներին մտահոգել էր այն հարցը, թե ինչու չի կիրառվում 6 ամսից ավելի հանրապետությունից բացակայող քաղաքացիներին հաշվառումից հանելու կարգը: ԱԺ նախագահը, մատնանշելով «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրեքի 7-րդ հոդվածի 2-րդ կետը, տեղեկացրել է, որ ՀՀ տարածքից դուրս վեց ամսից ավելի ժամկետով բնակության մեկնող կամ վեց ամսից ավելի ժամկետով բնակվող Հայաստանի քաղաքացին ինքն է պարտավոր այդ մասին գրավոր տեղեկացնել ՀՀ համապատասխան հյուպատոսական ծառայությանը կամ դիվանագիտական ներկայացուցչությանը, որը 7-օրյա ժամկետում այդ մասին պաշտոնապես հայտնում է կենտրոնական ռեգիստր վարող մարմնին:
Արձանագրվել է նաև, որ օրենքով հստակ կանոնակարգված է նաև մամուլում հնչեցվող այն խնդիրը, թե որոշ դպրոցներ ներքաշվել են նախընտրական գործընթացների մեջ: Ըստ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ կետի` ուսումնական հաստատություններում արգելվում է իրականացնել քաղաքական գործունություն կամ քարոզչություն: Այս առիթով ԱԺ նախագահը պատրաստակամություն է հայտնել դիմելու ՀՀ կրթության և գիտության նախարարին` օրենքի նշված պահանջի խախտումներն իսպառ բացառելու համար:
Քննարկվել է նաև այն հարցը, որ տեղերում ընտրողներին որոշ ուժեր պարտադրելու են հեռախոսով լուսանկարել քվեաթերթիկը` որպես խոստացված քվեն տալու ապացույց: Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն այս կապակցությամբ տեղեկացրել են, որ հեռուստաընկերություններով արդեն իսկ ցուցադրվում են հոլովակներ, որտեղ ընտրողներին զգուշացվում է նման արարքի քրեորեն պատժելի լինելու մասին, իսկ Ս.Նիկոյանն էլ վստահեցրել է, որ պայմանավորվածություն կա` ընտրությունների նախօրեին հեռուստատեսությամբ այդ մասին կհայտարարեն նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն ու ՀՀ ոստիկանության պետը:
Քննության է դրվել նաև օքսիդացվող կնիքների հարցը, մասնավորապես հնչել է մտավախություն, որ դրանք օքսիդանում են ոչ թե 12, այլ 3-4 ժամից, ինչը, իբր, հնարավորություն կտա ընտրողին քվեարկության մասնակցել մի քանի անգամ: Ներկաներն արձանագրել են, որ անհանգստությունն անհիմն է, քանի որ այդ դեպքում հազարավոր ընտրողներ կարող են ականատես լինել վաղաժամ օքսիդացմանը: Այդուհանդերձ ԱԺ նախագահը այս հարցում ևս պատրաստակամություն է հայտնել դիմել ԿԸՀ նախագահին` համպատասխան պարզաբանում ստանալու, իսկ հարկ եղած դեպքում` նաև փորձարկում կազմակերպելու աշխատանքային խմբում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները