«Ռեսուրսային անեծքը» ծանրանում է Ադրբեջանի վրա
Որքան Ադրբեջանի նախագահ Ի.Ալիևը շատ է խոսում իր երկրի նվաճումների և հաջողությունների մասին, նույն ինտենսիվությամբ այս երկիրը ներսուզվում է մի վտանգավոր իրավիճակի մեջ: Նավթագազային ռեսուրսներից եկամուտների աճին համընթաց, Ադբեջանի վրա ծանրանում է «ռեսուրսային անեծքը», երևույթ, որը քաղցկեղի պես ընդգրկել է պետական և հասարակական կենսագործունեության համարյա բոլոր ոլորտները:
Գիտական և մասնագիտական գրականության մեջ հայտնի են «ռեսուրսային անեծք», ինչպես նաև «նավթային անեծք» և «հումքային անեծք» եզրույթները, որոնք հոմանիշներ են և բնորոշում են բնական ռեսուրսներով, հատկապես նավթով հարուստ երկրներում տնտեսության մեջ ձևավորվող այն բացասական երևույթները, որոնք պայմանավորված են լինում այդ ռեսուրսի վաճառքից ստացված եկամուտներով: Սակայն «ռեսուրսային անեծք» երևույթը իրականում ավելի շատ ասպեկտներ է ընդգրկում քան տնտեսականն է և տարբեր երկրներում դրսևորվում է տարբեր կոմբինացիաներով և խորությամբ, ընդգրկելով նաև՝ գաղափարական, քաղաքական, հասարակական, էկոլոգիական, ինչպես նաև գիտամշակութային և այլ ոլորտները:
Հայտնի է նաև, որ «ռեսուրսային անեծքի» դեմ իմունիտետ ունեն ժողովրդավարական երկրները, իսկ ժողովրդավարության ցածր կամ զրոյական մակարդակ ունեցող նավթով հարուստ երկրների համար «ռեսուրսային անեծքը» համարվում է վտանգավոր և վնասակար երևույթ: Ընդհանրապես, նավթից կախվածություն ունեցող բազմաթիվ երկրների օրինակների վրա լավ ուսումնասիրվել են այդ ռեսուրսների ազդեցությունը տնտեսությունների և տարբեր ինստիտուտների (պետական, քաղաքական, քաղաքացիական, ժողովրդավարական, իրավական և այլն) վրա, որոնց հիման վրա բացահայտվել են բազմաթիվ օրինաչափություններ:
Այդ օրինաչափություններից թվարկենք մի քանիսը` 1.նավթով հարուստ երկրները ճիշտ է զարգանում են, սակայն ոչ այնքան, որքան կարող էին զարգանալ առանց նավթի առկայության, այսինքն ավելի դանդաղ են զարգանում, քան կարող էին, 2. որքան մեծ է նավթից եկող ռենտան, այնքան քիչ են խթանները, որ ինստիտուտները արդյունավետ կաշխատեն, 3. բնական ռեսուրսներով հարուստ, սակայն ոչ ժողովրդավարական երկրները ի վիճակի չեն այդ հարստություններից ստացվող եկամուտները օգտագործեն սեփական երկրի տնտեսության իրական զարգացման համար, 4. ինստիտուտների կայացման և զարգացման վրա նավթի բարձր գների առկայությունը բացասական է ազդում, իսկ առանց արդյունավետ աշխատող ինստիտուտների երկարատև զարգացում չի լինի, 5. իշխանությունները փորձում են առավելագույնի հասցնել իրենց եկամուտները, որքան շատ է այդ ռենտան, այնքան քիչ են խթանները զարգացնելու տնտեսությունը, 6. նավթի գների աճը վատ է ազդում տնտեսության վրա, եթե ինստիտուտները վատն են:
Ինչպես տեսնում ենք, «ռեսուրսային անեծքով» պայմանավորված վերը նշված բացասական երևույթները Ադրբեջանի համար որոշակի բացառություններով հանդերձ հիմնականում բնութագրական են և տիպիկ: Մի փոքր լրացում` Ադրբեջանը այդ նավթի եկամուտներով ոչ թե տնտեսական զարգացում է ապահովել, այլ ընդամենը տնտեսական աճ: Ճիշտ է Ադրբեջանում վերջին տարիներին աճել է նաև մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ), որը «ռեսուրսային անեծքի» տեսաբանների համար տնտեսական զարգացումը գնահատելու նախընտրելի չափանիշ է, բայց Ադրբեջանում սոցիալական ընդգծված բևեռվածության և անհավասարության ֆոնի վրա դա տնտեսական զարգացման մասին չի փաստում, այլ ընդամենը աճի:
Հանուն ճշմարտության նշենք, որ Ադրբեջանի համար համենայն դեպս նավթը ունեցավ իր դրական դերը, ինչ որ փուլում բնութագրվելով որպես «ռեսուրսային օրհնություն» (սա նույնպես ենթադրում է «ռեսուրսային անեծքի» տեսությունը): Հասկանալով, որ միայն հակահայկականությունը որպես գործոն բավական չէ իրենց պետականության պահպանման և ազգային ինքնության ձևավորման համար որպես գաղափարախոսություն, ադրբեջանական մտավորականությունը և կառավարող էլիտան փորձեցին նավթի նկատմամբ ֆետիշիզմի հասնող պաշտանմունքը (այսինքն նավթը Աստծու կողմից իրենց ուղարկած բարիք է, որը բոլոր խնդիրների լուծման բանալին է) դարձնել լրացուցիչ գաղափարախոսական գործոն ադրբեջանական պետության կայացման համար, որն էլ մասսամբ հաջողվում է: Չմոռանանք, որ ամեն դեպքում նավթի վաճառքից միլիարդավոր եկամուտները նպաստել են այս երկրի գոյատևմանը, ինչպես նաև շատ և շատ տարատեսակ խնդիրների լուծմանը, բայց միաժամանակ այն ավելի խոցելի և ռիսկային պետության են վերածել:
Ադրբեջանի տնտեսության վրա «ռեսուրսային անեծքի» մասին շատ է խոսվել, միաժամանակ դրա իրողությունը շատ են փորձել ժխտել ադրբեջանական իշխանությունները: Որքան էլ ժխտեն, փաստ է, որ Ադրբեջանը շարունակվում մնալ է մոնոարտադրական ուղղվածություն ունեցող թույլ տնտեսությամբ, եկամուտների անհամաչափ բաշխում ունեցող, ուժեղ կոռումպացված պետություն: Դա են ցույց տալիս` մակրոտնտեսական անհամաչափությունները, մասնավորապես` ՀՆԱ-ի, պետական բյուջեի և արտահանման վերջին տարիների տվյալները, որտեղ նավթի հետ կապված եկամուտները ունեն մեծ կենտրոնացվածություն: Նավթային եկամուտների մեծ հոսքը իր հերթին բերել է պետության պարազիտային վիճակի և կառավարման արդյունավետության նվազմանը, կոռուպցիայի զարգացմանը: Որքան էլ փորձեր են արվում դիվերսիֆիկացնել տնտեսությունը, այն ընդամենը ջանքեր են և արդյունավետ չեն, ինչն էլ հենց ենթադրում է «ռեսուրսային անեծքը»: Ինչպես արդեն նշեցինք, առանց ինստիտուտների զարգացման տնտեսական զարգացում չի լինի, իսկ ինստիտուտների զարգացմանը իր հերթին խանգարում է նավթային եկամուտներից կախվածությունը:
Ճիշտ է նավթի եկամուտների մի մասը ուղղվում են արտադրական և սոցիալական ենթակառուցվածքների ստեղծմանը` սակայն դրանք անմիջապես անցնում են տարբեր կլանների վերահսկողության տակ և կոռուպցիոն հավելյալ եկամուտների աղբյուր են դառնում, չնպաստելով մրցունակության աճին և ընդհանրապես տնտեսական զարգացմանը:
Խնդիրը ավելի է բարդանում նրանով, որ նավթի արդյունահանման ծավալները Ադրբեջանում նվազման նշաններ են ցույց տալիս: Համենայն դեպս, անցած տարվա և այս տարվա առաջին երեք ամիսների տվյալներով նավթի արդյունահանման ծավալները թույլ են տալիս ենթադրել, որ ապագայում Ադրբեջանի հույսը մնալու է նավթի բարձր գները, որը կչեզոքացնի նավթի ծավալների անկումը և գազի արդյունահանման ծավալների աճը: Սակայն բնական գազը, երբեք Ադրբեջանի համար չի հանդիսանա նավթին համարժեք ռեսուրս: «Մեծ նավթի» ավարտով, Ադրբեջանի համար սկսվելու է լուրջ փորձությունների ժամանակաշրջանը:
Նշեցինք, որ ոչ ժողովրդավարական երկրներում կա հակադարձ կախվածություն նավթային եկամուտների և ազատ, արդյունավետ քաղաքացիական ու քաղաքական ինստիտուտների միջև: Նավթային եկամուտների աճի զուգընթաց համարյա ոչ մի ոլորտում Ադրբեջանը դրական փոփոխության չի հասել, որոնք կարող են համապատասխանել քաղաքակիրթ զարգացումներին: Համաշխարհային հեղինակավոր ինդեքսները, եվրոպական մամուլը և իրավապաշտպան կառույցները վկայում են` Ադրբեջանում անփոփոխ է մնացել ալիևյան ռեժիմի ավտորիտար բնույթը, ավելի է խորանում ազգային փոքրամասնությունների նկատմամբ անհանդուրժողականությունը, կոռուպցիան ծաղկում է: Ժողովրդավարական արժեքները, մարդու իրավունքների պաշտպանությունը, խոսքի և մամուլի ազատությունը, տնտեսության ազատականացումը միայն խոսքերի մակարդակում են գտնվում: Ադրբեջանը ավտորիտար, առանց արժեքների և ոչ ժողովրդավարության երկիր է, սա է ընդհանուր գնահատականը:
Ադրբեջանը չունի կայացած հասարակություն, առկա են էթնիկական, կրոնական ու տարածաշրջանային հակասություններ: Այս գործընթացների խորացումը իրենց հերթին բերելու են սոցիալական, ազգային և կրոնական բնույթի հուզումների, անկանխատեսելի զարգացումների: Նավթային եկամուտների հսկայական կուտակումը պատրանքներ է ստեղծում նաև ռազմական հզորության վերաբերյալ, որը բերում է իրականության զգացման խեղումների: Իսկ դրա հետևանք կարող է լինել նաև ռազմական առճակատումները Ադրբեջանի և իր որոշ ցամաքային և ծովային հարևանների միջև: Դա իր հերթին Ադրբեջանին ավելի խոցելի դարձնում նաև ռազմական առումով: Բացի այդ «ռեսուրսային անեծքի» դրսևորումներից է այդ ռեսուրսների վերահսկողության և եկամուտների բաշխման համար մղվող ներքաղաքական կոնֆլիկտները:
«Ռեսուրսային անեծքը» ինչպես նշեցինք, դրսևորվում է նաև բնապահպանական առումով: Մեկ դարից ավել, ցամաքային և ծովային հանքավայրերից նավթի հարյուր միլիոնավոր տոննաների էքստենսիվ արդյունահանումը բերել է ոչ միայն այդ տարածաշրջանի աղտոտմանը, այլ նաև երկրակեղևի բնական հավասարակշռության խախտմանը ստորգետնյա դատարկությունների առաջացման պատճառով, որի արդյունքում այսօր ակտիվացել և վտանգավոր բնույթ են ձեռք բերում սեյսմիկ գործընթացները:
Վերջում ավելացնենք, որ «ռեսուրսային անեծքը» ամբողջովին բնութագրական է Ադրբեջանի համար և այս երկիրը կարելի է ասել «ռեսուրսային անեծքի» դասական օրինակ է: Թեև այն միշտ էլ եղել և ուղեկցել է Ադրբեջանին իր գոյատևման առաջին օրվանից, ինչ որ փուլում խաղալով նաև դրական (պայմանական) դեր, սակայն կուտակված բացասական երևույթները բերում են նոր կուլմինացիոն իրավիճակի և դրանից բխող վնասակար հետևանքները ճակատագրական կարող են լինել ադրբեջանական պետության համար:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում