Փորձագետ. Դեռ որքան ժամանակ միջազգային հանրությունը պիտի ամեն ինչ երկակի չափանիշներով դիտի
«Ադրբեջանական բանակը շարունակում է թուրքական անհատականության վառ դրսևորումների «անգին գոհարներ» ցուցադրել համայն հասարակությանը: Սանիտարական մեքենայի վրա կրակելով, ապրիլի 24-ին անհամար կրակահերթեր թողնելով, խաղաղ գյուղի վրա կրակելով: Ադրբեջանական կողմի որդեգրած վաղեմի մարտավարությունը ևս մեզ համար նորություն չէ: Այստեղ իհարկե որպես հանգամանք կարող են հանդիսանալ բազում պատճառներ, տարածաշրջանային և անգամ աշխարհաքաղաքական հարցերի համատեքստում»,- մեկնաբանելով Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայկական բնակավայրերի ուղղությամբ իրականացված ինտենսիվ կրակահերթը՝ Panorama.am-ին ասաց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊԲ-ն տեղեկացնում է, որ մասնավորապես, ապրիլի 24-ին արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա հակառակորդը «ԻՍՏԻԳԼԱԼ» զինատեսակով կրակել է սանիտարական մեքենայի վրա, որի արդյունքում վիրավորվել են ՊԲ զինծառայողներ Անդրանիկ Գևորգի Մադոյանը և Էռնեստ Միքայելի Սարգսյանը:
Փորձագետի խոսքերով, Հայաստանի Հանրապետությունում սպասվող խորհրդարանական ընտրությունների հանգամանքը ևս կարող է առիթ լինել, որպեսզի ադրբեջանական կողմը փորձի մի քանի նպատակներով լարվածություն ստեղծել սահմանի վրա:
«Մենք այս ամենից բոլորովին չենք զարմանում, մենք այս ամենին ականատես ենք լինում դարերով: Ամենազարմանալին սա չէ, այլ այն, որ համաշխարհային հանրությունը, միջազգային կազմակերպությունները ինչքան պետք է ընդունեն նման կեցվածք: Ամեն ինչին նայել երկակի չափորոշիչներով, իսկ հայտարարությունները կատարել դեկլարատիվ բնույթի, հավասարության նշաններով: Անշուշտ հայկական ԶՈւ-երը արդեն պատասխանել են համապատասխան կրակով ու դեռ կպատասխանեն: Միայն այն տարբերությամբ, որ հայ զինվորը չի կրակելու սանիտարական մեքենայի վրա, կամ խաղաղ գյուղի: Ադրբեջանական բանակը դեռ կունենա համապատասխան կորուստներ, որոնց միգուցե նորից կպահեն սառնարաններում ու ծնողներին կփոխանցեն շատ օրեր անց, իսկ լուրերում կհայտնվեն փոքր չափաբաժիններով, տարբեր վթարների, ինքնասպանությունների և այլ վարկածների մատուցմամբ»,- ասաց նա: