Մարզպետն ու Նահապետ Գևորգյանը հաշտ ու համերաշխ են
«Նման բան չկա և չի էլ կարող լինել` մարզպետ Ա.Ղահրամանյանի ու պատգամավոր Նահապետ Գևորգյանի միջև այնպիսի աշխատանքային լավ ու բարիդրացիական հարաբերություններ են վաղուց ձևավորվել, որ այս կարգի լուրերը պարզապես ծիծաղելի են»,-Panorama.am-ին ասաց Արմավիրի մարզպետի օգնական Նվեր Պետրոսյանը:
Նշենք, մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանի (Նովոյի) հարաբերությունները տևական ժամանակ է լարված են, քանի որ ՀՀԿ-ական կարկառուն այս ներկայացուցիչները չեն կարողանում կիսել մարզում հարազատ կուսակցության ձայների վերահսկումն ու նաև հետագայում պատասխանատվության հարցը:
Մեր այն հարցին ի պատասխան, թե այդ դեպքում ո՞ւմ է ձեռնտու նման լուրեր տարածելը, Ն.Պետրոսյանը նշեց, որ չի ցանկանում մեղավորներ գտնել, բայց գուցե այդ ամենը ավելի շատ անձնավորված հիմքեր ունի, քան այն, ինչ ներկայացվում է մամուլում:
Հիշեցնենք, ըստ շրջանառվող լուրերի ՀՀԿ-ական Նահապետ Գևորգյանի և մարզից ընտրված ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի հարաբերությունները ավելի քան լարված են:
Մարզպետի օգնականը հավելեց նաև, որ ՀՀԿ մարզային կառույցը իսկապես թիմային աշխատանք է տանում և թե մարզպետն ու Ն.Գևորգյանը և թե մարզից մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Ալեքսան Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկը) որևէ խնդիր միմյանց հետ չունեն: