Օսկանյանը ԲՀԿ-ում քաղաքական դիսկոմֆո՞րտ է ստեղծում
Անդրադառնալով խորհրդարանական ընտրություններում երկրորդ «ֆավորիտ» կուսակցության` ԲՀԿ-ի գործունեությանը` «Голос Армении»-ն գրում է. «Այն, ինչ իրականցնում է ԲՀԿ-ն քաղաքականություն չէ, այդ կուսակցության մասին հայտնի է միայն այն, որ իրենք հրաժարվում են կոալիցիոն գործունեության համար պատասխանատվություն կրել` չնայած, որ տնօրինում են պետական բյուջեի 35%-ը և ունեն մի շարք նախարարական պորտֆելներ»:
Թերթը նկատում է, որ Օսկանյանի մուտքը ԲՀԿ պետք է քաղաքական կշիռ հաղորդեր այդ կուսակցությանը, սակայն նախկին արտգործնախարարն ավելի շատ արջի ծառայություն մատուցեց ԲՀԿ-ին, քանի որ այնպիսի հայտարարություններ արեց, որոնք հետո ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ստիպված եղավ հերքել: Մասնավորապես «ГА»-ն հիշեցնում է ձևական կոալիցիայի մասին Օսկանյանի հայտարարությունները, որոնք Ծառուկյանը ստիպված եղավ ներկայացնել որպես Օսկանյանի անձնական կարծիք, որը չի համընկնում կուսակցության պաշտոնական դիրքորշմանը, իսկ ավելի ուշ Օսկանյանը հայտարարեց, թե ինքն անձամբ է տեսել, որ ԲՀԿ առաջնորդը զենքով է գնացել ժողովրդի հետ հանդիպման, այնինչ` ԲՀԿ-ի պաշտոնական հայտարարության մեջ այդ փաստը հերքվում էր: Ըստ «ГА»-ի, ԲՀԿ-ի վարկանիշը պայմանավորված է ոչ թե որպես քաղաքական ուժ իր ծանրակշիռությամբ, այլ Գագիկ Ծառուկյանի բարեգործական հիմնադրամի գործունեությամբ: Թերթը նաև հիշեցնում է, որ 2011թ-ին ստորագրված կոալիցիոն հուշագրում ԲՀԿ-ն պարտավորվել է 2013թ-ի նախագահական ընտրություններում պաշտպանել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: