
Աղբավայրերում կկուտակվեն նաև արտադրական թափոնները
Այսօր ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվի բնապահպանության նախարարության կողմից մշակված «Արտադրության և սպառման թափոնների տեղադրման և վնասազերծման անվտանգ պայմանների ուղեցույցը»:
Ըստ կառավարության հավելվածի` ներկայումս տնտեսական գործունեության արդյունքում առաջանում են մեծ քանակությամբ արտադրության և սպառման թափոններ, այդ թվում` և վտանգավոր, որոնց տեղադրումը, վնասազերծումը և թաղումը պետք է իրականացվի էկոլոգիապես անվտանգ եղանակներով: Հանրապետությունում թափոնների վերամշակման, վնասազերծման մասնագիտացված կազմակերպությունների և մասնագիտացված պոլիգոնների բացակայության պայմաններում առաջանում է աղբավայրերում կենցաղային և արտադրական թափոնների համատեղ տեղադրման անհրաժեշտություն:
ՀՀ կառավարության արձանագրային որոշման ընդունումը կնպաստի թափոնների էկոլոգիապես անվտանգ եղանակով հեռացմանը, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա դրանց հնարավոր վնասակար ազդեցության նվազեցմանն ու անվտանգության ապահովմանը: