Տիգրան Սարգսյանի ունեցվածքը
«Հայկական ժամանակը» ներկայացրել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի` ԿԸՀ-ին ներկայացրած գույքի և եկամուտների մասին հայտարարագիրը: Ըստ այդմ` նրա բանկային հաշիվներին 2012 թվականի մարտի 1-ի դրությամբ եղել է 870 հազար դոլար և 35 մլն դրամ. «Այսինքն` ինքն էլ չի հետևում Հայաստանում ավանդները ՀՀ դրամով պահելու իր հանրահայտ կոչին»,- գրում է թերթը:
Ըստ փաստաթղթի, Տ. Սարգսյանը վերջին մեկ տարում ունեցել է 31 մլն 700 հազար դրամի եկամուտ, որից 12 մլն դրամը «Անելիք», իսկ 16 մլն-ը «Յունի», 214 հազարն էլ «Գյուղփոխօգնություն» բանկերում ունեցած ավանդների տոկոսավճարներն են: Իբրև ՀՀ վարչապետ` նրա տարեկան աշխատավարձը կազմել է 3 մլն 340 հազար դրամ: Սարգսյանը Երևանի կենտրոնում ունի 2 բնակարան և մեկ առանձնատուն, մեկ առանձնատուն էլ ունի Կոտայքի մարզի Նուռ-Նուս գյուղում, իսկ Դիլիջանում ունի 3 հազար ք/մ մակերեսով հող: Տիգրան Սարգսյանի միակ շարժական գույքը 1979 թվականի արտադրության «Վազ 2103» մակնիշի ավտոմեքենան է: Ըստ հայտարարագրի, նա ութ մլն դրամը գերազանցող արժեքով ոչ մի գույք չունի: