Ոչ թե շտաբ, այլ հաց ուտելու տեղ
«Հայկական ժամանակը» գրում է, որ ԱԺ ՕԵԿ խմբակցությունը լքած Գագիկ Բաղդասարյանը, ըստ լուրերի, աջակցում է ՀՀԿ-ին և Աջափնյակում ՀՀԿ-ի թեկնածու Ռուբեն Հովսեփյանին: Թերթը հիշեցնում է, որ Բաղդասարյանը լքեց ՕԵԿ-ը` ասելով որ վերջինս դարձել է ՀՀԿ-ի կցորդը: Թերթը նրան հարցրել է` ինչո՞ւ եք ՀՀԿ-ի համար աշխատում. «Ես ոչ մեկի համար էլ չեմ աշխատում: Շատ սխալ ինֆորմացիա է, դա երևի Արթուր Բաղդասարյանի տարածած ինֆորմացիան է: Նման բան չի կարող լինել, կարող է` ինձ տեսել են «Շանթ» ռեստորանում, որտեղ ժամանակ առ ժամանակ հավաքվում են Ռուբեն Հովսեփյանի կողմնակիցները և ընդամենը անունը շտաբ են դրել, բայց դա շտաբ չէ, հաց ուտելու տեղ է ընդամենը: ՀՀԿ-ի շտաբը լրիվ այլ տեղ է գտնվում, և այլ մարդիկ են հավաքվում այնտեղ: Ես ՀՀԿ-ի հետ կապ չունեմ, Ռուբեն Հովսեփյանին էլ ես ընդամենը չեմ խանգարում, եթե ես աշխատեի, հրապարակային մի բան կտեսնեին, որ քարոզարշավին եմ մասնակցում կամ այլ բան եմ անում: Ես ոչ մեկի համար չեմ աշխատում, որ աշխատեի, կաշխատեի իմ համար: Ես քաղաքականության հետ կապ չունեմ»: