Իսրայել-Իրան. հանգույցը սեղմվում է
Ի՞նչ փուլում է ներկայում գտնվում իրան-Իսրայել հակամարտությունը և ինչպիսի՞ն կարող են լինել դրանից սպասելիքները: Առաջին հայացքից պարզունակ թվացող այս հարցադրումներն իրականում ունեն ոչ այնքան պարզունակ և միանշանակ պատասխան: Հասկանալու համար, թե ինչ կարելի է սպասել երկու երկրների միջև օրըստօրե մեծացող լարվածությունից, նախ` անհրաժեշտ է հնարավորինս համակողմանի պատկերացնել արդեն իսկ տեղի ունեցած իրադարձություններն ու ներկա քաղաքական գործընթացները, որը դյուրին խնդիր չէ. հարկ է նշել, որ հիշյալ համատեքստում հաճախ գործի են դրվել որոշակի նպատակներ հետապնդող քարոզչական տարատեսակ հնարքներ՝ մարդկային երևակայության ողջ զինանոցի օգտագործմամբ, որն առավել քան բարդացրել է ռացիոնալ դատողությամբ իրականության վերարտադրությունն ու համապատասխան եզրահանգումները:
Եթե դիտարկենք իրան-իսրայելական հակամարտությունն Իրանի կողմից ծավալված քարոզչության տեսանկյունից, ապա կարելի է նկատել, որ Իրանում բավական լուրջ են մոտենում Իսրայելի հետ հակամարտության հարցին և վերջինիս կողմից Իրանի Իսլամական Հանրապետությանը ռազմական հարվածներ հասցնելու հավանականությանը, չնայած, որ պաշտոնական Թեհրանի` ժամանակ առ ժամանակ հնչեցրած համարձակ հայտարարությունները կարող են առաջին հայացքից հակասել հիշյալ տրամաբանությանը: Հատկանշական է, որ ԻԻՀ մտավախության համար մեծապես հիմք է հանդիսացել արդեն իսկ արձանագրված իրաքյան նախադեպը՝ իրան-իրաքյան պատերազմի տարիներին Իսրայելի հակաիրաքյան գործունեությունը, որի շրջանակներում 1981 թ. հունիսին Տել-Ավիվն, առանց ՄԱԿ-ի համապատասխան որոշման, «Օպերա» անվանակոչված ռազմական գործողությամբ ոչնչացրել է Իրաքի Օսիրաք միջուկային ռեակտորը (Բաղդադից 18 կմ հարավ-արևմուտք): Սա վկայում է այն մասին, որ Իսրայելը պատեհ իրավիճակներում կարող է դիվանագիտության փոխարեն նախընտրել «խաղի ռազմական կանոնները»՝ հաջողությամբ ավարտին հասցնելով այդ առաքելությունը:
Ենթադրվում է, որ Իսրայելը նախքան ԻԻՀ միջուկային ծրագրի կապակցությամբ Իրանի և «5+1» ձևաչափով (կազմի մեջ մտնում են ՄԱԿ ԱԽ մշտական անդամ երկրները և Գերմանիան) միջազգային միջնորդական խմբի միջև ապրիլի 14-ին Ստամբուլում կայացած բանակցությունները փորձել է քարոզչական ճնշումների միջոցով որոշակի զիջումներ կորզել իրանական իշխանություններից:
Հիշեցնենք, որ «CNN»-ին տված հարցազրույցի ընթացքում Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարակը հայտարարել էր, որ առաջիկա բանակցություններն Իրանի հետ կարող են հաջողված որակվել միայն այն դեպքում, եթե Իրանը համաձայնի դադարեցնել մինչև 20% ուրանի հարստացումը: Սակայն ինչպես ցույց է տալիս փորձը, Իսրայելի նման քաղաքական կեցվածքը ոչ միայն չի կարող ապահովել զիջումներ ԻԻՀ կողմից, այլ կարող է առավել ամրապնդել երկու երկրների միջև ձևավորված անհանդուրժողականության մթնոլորտը և հաստատել Իրանի մտավախություններն առ այն, որ Իսրայելն ընտրել է հիմնահարցի ռազմական լուծման տարբերակը:
Նման հայտարարությունները պարզապես կարող են բացասական նախատրամադրվածության առաջացման հիմք հանդիսանալ հակառակ կողմի մոտ, որոնք ի վերջո, կարող են բացասաբար ազդել բուն բանակցային գործընթացների վրա: Բացի այդ, նշենք նաև, որ Իսրայելի պաշտպանության նախարարի վերոհիշյալ հայտարարությունը կարելի է համարել անիրատեսական ցանկությունների շարքից, քանի որ բոլորին է հայտնի իրանական իշխանությունների՝ խաղաղ նպատակներով ուրանի հարստացման վճռականությունը, որն էլ ամրագրվել է ապրիլի 14-ին Ստամբուլում կայացած բանակցությունների արդյունքում. համաձայն Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի՝ պաշտոնապես հաստատվել են ԻԻՀ իրավունքներն ատոմային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու վերաբերյալ՝ պայմանով, որ Իրանն, իր հերթին, հարգելու է միջազգային համապատասխան պարտավորությունները:
Բանակցություններից հետո բազմիցս հայտարարվել է, որ Իրանի և միջազգային միջնորդների հանդիպումը Ստամբուլում տեղի է ունեցել դրական և կառուցողական մթնոլորտում: Սակայն հաշվի առնելով Իսրայելի ակնկալիքներն այդ բանակցություններից և դրանցից ձեռք բերված արդյունքները (այս անգամ իրանական կողմը զերծ է մնացել նախապայմաններ առաջադրելուց. նախորդ հանդիպման ժամանակ ԻԻՀ-ը ձգտել է վերացնել իր երկրի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները)՝ հազիվ, թե կարելի կլինի Ստամբուլի հանդիպումն Իսրայելի համար գոհացուցիչ որակել:
Իրանի և «5+1» միջնորդական խմբի հաջորդ հանդիպումը նախատեսված է անցկացնել Բաղդադում մայիսի 23-ին: Բայց ինչպես արդեն նշել ենք, բանակցությունների արդյունավետ ելքը մեծապես կարող է պայմանավորվել կողմերի կառուցողական նախատրամադրվածությունից, ուստի նախքան բանակցությունները տարվող աշխատանքները կարող են էական շրջադարձ ապահովել դեպի հիմնախնդրի լուծում տանող ճանապարհին:
Թեհրանի համար ներկայում չի կարող մտահոգիչ չլինել նաև Իսրայելի տարածաշրջանային քաղաքականությունը, որը թույլ է տալիս ենթադրել Իրանի դեմ պատերազմի նախապատրաստական աշխատանքների իրականացման մասին: Մի կողմ թողնելով ԻԻՀ դեմ ռազմական գործողություններ ծավալելու իսրայելական հռետորաբանությունը, որին աշխարհն ականջալուր է լինում գրեթե յուրաքանչյուր օր, միաժամանակ հնարավոր չէ անտեսել Իսրայելի գործնական միջոցառումների շարքը, որը միտված է վերոհիշյալ հռետորաբանության կյանքի կոչմանը: Այս առումով բավական խոցելի իրավիճակում է հայտնվել Հարավային Կովկասը՝ որպես Իրանին սահմանակից տարածաշրջան:
Ռացիոնալ դատողությամբ օժտված անհատի համար դժվար է հավատալ, որ Իրանին հարևան Ադրբեջանը տարածաշրջանային նման լարված պայմաններում կարող է իր պետական շահերը դնել այլ պետությունների աշխարհաքաղաքական շահերի զոհասեղանին՝ նոր թափ հաղորդելով Իսրայելի հետ ռազմական ոլորտում համագործակցությանը և ընտրելով «ինքնասպանության» ուղին, սակայն դա է իրականությունը: Եթե նաև հաշվի առնենք այն հանգամանքը, որ Իրանի դեմ հարձակումը հարվածում է Ռուսաստանի Դաշնության կենսական շահերին տարածաշրջանում, ապա կարելի է կանխատեսել, թե ինչպիսին կլինի վերջինիս դիրքորոշումն Իսրայելի հնարավոր հարձակման և դրանում Ադրբեջանի դե-ֆակտո ներգրավվածության հարցում:
Վերջերս իսրայելական «Kanal 10» հեռուստաալիքի լրագրող Ալոն Բեն Դավիդը հանդես է եկել ուշագրավ լուսաբանումներով առ այն, որ Իսրայելն ավարտել է Իրանի դեմ հարձակման նախապատրաստական աշխատանքները: Գրեթե միաժամանակ իրանական ԶԼՄ-ները հաղորդագրություն են տարածել այն մասին, որ «Ադրբեջանն Իրանի հետ սահմանի մերձակայքում՝ ադրբեջանական Իմիշլի շրջանում, տեղակայել է 30 միավոր իսրայելական արտադրության հրասայլային տեխնիկա» : Ուստի հիմք ընդունելով Ադրբեջանի նախպաշտպանական հիշյալ միջոցառումները՝ կարելի է ենթադրել, որ Իսրայելը ձգտում է օգտագործել Ադրբեջանի ռազմակայանները՝ հարևան Իրանի միջուկային օբյեկտների ուղղությամբ օդային գրոհներ իրականացնելու նպատակով, որին Իրանը կարող է պատասխանել Ադրբեջանին ուղղված ցամաքային հակահարվածով:
Այն, որ Իսրայելը հակաիրանական արշավում միայնակ չէ և հնարավոր հարձակման դեպքում պատերազմը չի լինի սոսկ երկու երկրների միջև հակամարտություն, ակնհայտ է ոչ միայն վերոհիշյալ գործընթացներից, այլև ԱՄՆ քաղաքականությունից, որը Պարսից ծոցում պահում է երկու ավիակիր, իսկ ԿՀՎ անօդաչու սարքերի՝ երեք տարի շարունակ Իրանի շուրջը կատարած թռիչքները, Ազգային անվտանգության գործակալության (NSA) էլեկտրոնային լսումներն ու արբանյակային լուսանկարները նպատակ են հետապնդել վերահսկելու իրանական միջուկային օբյեկտները: Պենտագոնի ռազմավարներն, իրենց հերթին, առավել հակված են այն կարծիքին, որ եթե Իսրայելը հարվածի Իրանին, ապա ԱՄՆ-ն անխուսափելիորեն ներգրավված կլինի հակամարտության մեջ:
Իրանագետ, պ.գ.թ. Ռուդիկ Յարալյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները