Փաշինյանի դիմումը թիվ 7 ԸԸՀ-ն կքննի ապրիլի 27-ին
Թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը պատգամավորության թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանի դիմումը նիստում կքննարկի վաղը, ապրիլի 27-ին: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ԸԸՀ նախագահ Գեղամ Սարգսյանը:
«Մինչ այդ հանձնաժողովականները կուսումնասիրեն ներկայացված փաստաթուղթը և քննարկումը կկայանա ապրիլի 27-ին», -փոխանցեց ԸԸՀ նախագահ Գեղամ Սարգսյանը:
Հիշեցնենք` Թիվ 7 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը և նրա լիազոր ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանը դիմել էին թիվ 7 ԸԸՀ` պատգամավորի թեկնածու Սամվել Ալեքսանյանի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու հարցով, քանի որ ըստ ներկայացված փաստաթղթի, իր մրցակից «Սամվել Ալեքսանյանը Երևանի թիվ 190 դպրոցում անցկացրել է նախընտրական հանդիպում, որի ընթացքում ընտրողներին է բաժանել դրամ, և տվել է վերջին զանգի արարողությունը իրեն պատկանող «Փարվանա» ռեստորանում անվճար կազմակերպելու խոստում»:
Դիտելով սա որպես ընտրակաշառք, դիմումատուները գտել են, որ դա հայաստանյան օրենսդրության խախտում է և դիմումի մեջ վկայակոչել են մի շարք դրույթներ:
Ալեքսանյանը «Փարվանա»-ում անվճար վերջին զանգ անցկացնելու խոստում է տվել. Փաշինյանը դիմել է ԸԸՀ