Հայկական ընտրությունների առեղծվածը. գոյություն չունեցող շենքերում մարդիկ են գրանցված
Աջափնյակ համայնքն ընդգրկող թիվ 6 ընտրատարածքում ընտրացուցակների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դրանցում ընդգրկված և ընտրողների ռեգիստրում առկա ընտրողների մի մասը գրանցված է գոյություն չունեցող, քանդված, կամ կիսաքանդ շենքերում կամ բնակարաններում: Այս բացահայտումն արել են թիվ 6 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Ավոտ Պողոսյանի (ՀԱԿ) նախընտրական շտաբի աշխատակիցները:
Panorama.am-ի թղթակցի հետ թեկնածու Ավետ Պողոսյանը ներկայացրեց այն հասցեները, որոնցում գրանցված են մարդիկ, բայց ապրողներ չկան:
Այդ հասցեներն են՝
Մարգարյան 37 շենք (կիսաքանդ վիճակում է, բնակության ենթակա չէ) 66 ընտրող
Մարգարյան 45 շենք (գոյություն չունի) 59 ընտրող
Սիսակյան 16 շենք (գոյություն չունի) 27 ընտրող
Սիսկյան 22 շենք (գոյություն չունի) 35 ընտրող
Ֆուչիկի 22 շենք (գոյություն չունի) 26 ընտրող
Շինարարների 23 շենք (3 մուտքը քանդած է) 117 ընտրող
Շինարարների 15 շենք (գոյություն չունի) 85 ընտրող
Վշտունու 20 տուն (գոյություն չունի) 8 ընտրող:
Թեկնածուն և իր թիմը բողոք- դիմում էին ներկայացրել թիվ 6 ԸԸՀ, քանի որ չեն կարողանում այսքան ընտրողների հետ իրականացնել նախընտրական քարոզչություն: Սակայն հանձնաժողովը մերժել էր դիմումը՝ բացատրելով, որ դա ոչ թե իրենց, այլ ոստիկանության իրավասության շրջանակներում է:
Ավետ Պողոսյանը ընտրացուցակներում առկա անճշտությունները մի քանի խմբի է բաժանում՝ դրանցում շատ են մահացած մարդկանց, ծառայություն իրականացնող զինծառայողների, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում գտնվող դատապարտյալների անունները: Մյուս խնդիրը, ըստ մեր զրուցակցի, տարբեր մարդկանց բնակարաններում գրանցված անձինք, են, ովքեր անծանոթ են այդ բնակարաններում բնակվողներին: «Բարդ է այդ առումով վիճակը, քանի որ տվյալ բնակարանի սեփականատերը պետք է ինքը դիմի, որ պահանջի դուրս գրել նրան այդ հասցեից», հավելեց Ավետ Պողոսյանը:
Ընտրացուցակներում գոյություն ունեցող խնդիրների մյուս մասը վերաբերում է կասկածելի անունների կրկնություններին: «Այսինքն, ամբողջ Հայաստանում կան կրկնվող անուն-ազգանուններով մարդիկ: Այս պահին ուսումնասիրում ենք, քանի որ դրանք առկա են տարբեր ընտրատարածքներում», -հավելեց Պողոսյանը:
Ընտրացուցակների ճշգրտման ուղղությամբ, Ավետ Պողոսյանի խոսքով, իրենք ակտիվ աշխատում են, նույնիսկ համագործակցում են նույն ընտրատարածքում առաջադրված «Բարգավաճ Հայաստան»-ի թեկնածուի նախընտրական շտաբի հետ:
«Ես չեմ ուզում մարտավարական գաղտնիքներ հրապարակել ցուցակներում առկա ապօրինությունների, դրանց հետագա ճակատագրի և իրավական բողոքարկման վերաբերյալ: Մի բան կասեմ, որ իսկապես ցուցակներում առկա են ոչ միայն մեծ թվով անճշտություններ, այլ նույնիսկ առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, որ այդ ցուցակները միտումնավոր ուռճացված են», -մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց թեկնածուն: