Ադրբեջանի իշխանության և Գերմանիայի միջև հարաբերությունները դիմակայության են հասել
Ինչպես հայտնի է, Ադրբեջանի իշխանության և Գերմանիայի միջև հարաբերությունները դիմակայության են հասել: Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը հարձակման է անցել Գերմանիայի վրա` գերմանական մամուլում Ադրբեջանի իշխանության վերաբերյալ մերկացնող հոդվածներ հրապարակվելու պատճառով: Ադրբեջանի պետական թերթերում, հեռուստաալիքներում ամեն օր Գերմանիայի պաշտոնական անձանց, մեդիա կառույցների, տարբեր ոչ կառավարական կազմակերպությունների հասցեին խիստ մեղադրանքներ են հնչեցվում: Նույնիսկ վիրավորանքներ են տեղում գերմանացի ժողովրդի հասցեին և մեղադրում ժողովրդին ռասիզմի, ֆաշիզմի մեջ:
Այս մասին հայտնում է «Ազադլիգ» թերթը` նշելով, որ չնայած դրան, գերմանական մամուլը շարունակում է բացահայտել Ադրբեջանի իշխանության ավտորիտար էությունը: Գերմանիայի կառավարությունը, ինչպես բոլոր ավտորիտար երկրներում, բացահայտ կերպով աջակցում է Ադրբեջանի ժողովրդավարացման գործին:
«Ինչպես երևում է` Բաքվում հասկացել են, որ սպառնալիքներով և շանտաժներով չեն կարող Գերմանիային հետ պահել իրենց նկատմամբ քննադատություններից և որոշել են խնդիրը լուծել բանակցությունների միջոցով, ինչի համար Ադրբեջանի խորհրդարանի երկու անդամներ Ռովշան Ռզաևն ու Այդըն Աբբասովը մոտ ժամանակում կուղարկվեն Գերմանիա` Բունդեսթագում հանդիպումների միջոցով ադրբեջանական իշխանությունների նկատմամբ հարձակումները դադարեցնելու համար: Սակայն, համոզիչ չէ, որ այդ այցը դրական արդյունք կունենա, քանի որ Ադրբեջանի իշխանությունն արդեն այրել է բոլոր կամուրջները», -գրում է «Ազադլիգը»:
Ապրիլի 18-ին «Ենի Ազերբայջան» կուսակցության թերթում և այլ իշխանամետ ԶԼՄ-ներում հակագերմանական նյութերի հրապարակումների կապակցությամբ Գերմանիայի դեսպանատունը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է, որ «թերթը գերմանական քաղաքական շրջանակների վրա հարձակում է սկսել, ինչը կեղծավորության վտանգավոր մթնոլորտ է ստեղծել և խախտել բաց բանավեճի մշակույթը»: «Սակայն գռեհիկ հորինվածքներով Գերմանիայի հեղինակությունը փչացնելու բոլոր փորձերը մատնված են տապալման», -ընդգծել է դեսպանատունը:
Ադրբեջանի պաշտոնական ԶԼՄ-ները վերջին ամսվա ընթացքում բազմաթիվ հոդվածներ են հրապարակել, որոնցում խոսվել է Գերմանիայի պետական համակարգի կոռումպացված լինելու մասին, որ այդ երկրում խախտվում են մարդկանց բոլոր իրավունքները, որ այնտեղ չեն սիրում թուրքերին և այլն: