«Թու-թու, աչքով չտանք». Ընտրություններին ընդառաջ դատախազությունը ընդամենը 22 հաղորդում է ստացել
Գլխավոր դատախազությունում չեն ցանկանում «աչքով տալ», բայց այս խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը հանգիստ է անցնում: «Թու-թու, աչքով չտանք, մեզ ճմկտել ա պետք, բայց նախորդ ընտրությունների ժամանակ մեր տեղեկանքը հագեցած էր, իսկ այս անգամ հաղորդումները քիչ են», -այսօր խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ստեղծված աշխատանքային խմբի հերթական նիստում հայտարարեց դատախազ Կորյուն Փիլոյանը և իրենց աջակցելու համար շնորհակալություն հայտնեց ԶԼՄ-ներին:
Մինչ այժմ դատախազության աշխատանքային խումբը լրատվամիջոցներից, նախընտրական շտաբներից և մարդկանցից թեժ գծով ստացել է 22 հաղորդում, որոնցից միայն մեկի դեպքում է քրեական գործ հարուցվել: Հիշեցնենք` խոսքը թիվ 7 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ընթացքում Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղի ունեցած միջադեպի մասին է, որի արդյունքում թեկնածուներ Գայանե Առուստամյանն ու Բաբկեն Գարոյանը ստացել էին վնասվածքներ: Փաստի կապակցությամբ ՀՀ քր. օր.-ի 117-րդ հոդվածի /դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը/ հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Արարքը կատարողը համայնքի համատիրություններից մեկի նախագահ Վարդան Վարդանյանն էր:
Նախօրեին գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը հանձնարարել էր ոստիկանությանը «ձեռնարկվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում բնակչության հետ բացատրական աշխատանքների միջոցով իրազեկել ընտրակաշառք ստացած անձանց կամովին ներկայանալու և հանցագործությունը բացահայտելուն աջակցելու դեպքում քրեական պատասխանատվությունից ազատելու քրեադատավարական հնարավորության մասին»:
Սա վերաբերում է այն դեպքերին, երբ ընտրական պրոցեսում թեկնածուի անունից ընտրակաշառք է առաջարկվում ընտրողին: Երբ ընտրակաշառք վերցնողը հայտարարություն կամ հաղորդում կտա այդ մասին, ապա անձն անպայման կազատվի քրեական պատասխանատվությունից: «Դատախազությունը սին հայտարարություններ չի անում, մենք ունենք օրենսդրությամբ սահմանված բոլոր հնարավորությունները տվյալ անձնաց քրեական պատասխանատվությունից ազատելու համար», -հայտարարեց Արամ Թամրազյանը` միևնույն ժամանակ պնդելով, որ նման դեպք այս շրջանում դեռևս չի արձանագրվել:
Թեմայի մասին`
Ստեղծվել է ընտրությունների հարցերով ՀՀ գլխավոր դատախազության հատուկ աշխատանքային խումբ
Գայանե Առուստամյանին ծեծողը համատիրության նախագահ է
Ուշադրություն. Երբ ընտրակաշառք վերցնողը այդ մասին հաղորդում տա, կազատվի քրեական պատասխանատվությունից
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում