Հ. Նաղդալյան. Որոշ պատվիրակներ դառնում են ադրբեջանական շոուի մասնակիցը
«ԵԽԽՎ լիագումար նիստում մեկ հարց կար. Հյուսիսային Կովկասում ներքին տեղահանված անձանց վիճակի մասին, որի վերաբերյալ ԵԽԽՎ-ն բավականն հետևողական աշխատանքներ է իրականացնում: Ամեն ինչ իր նորմալ հունով էր գնում մինչև այն պահը, երբ ադրբեջանցի պատվիրակները, չգիտես թե ինչու, ելույթի խոսք խնդրելով սկսեցին խոսել ԼՂ հիմնախնդրի, փախստակաների վերադարձի և թեմայի հետ կապ չունեցող այլ հարցերի մասին»,- այս մասին Ստրաբուրգից Panorama.am-ին փոխանցեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանը:
Ըստ պատգամավորի՝ ադրբեջանցի պատվիրակների բարձրացրած հարցերն ընդհանրապես կապ չունեին օրակարգային հարցի հետ, սակայն ադրբեջանական կողմը, ինչպես միշտ, իր սովորության համաձայն խոսել է ամեն ինչից, բացի օրակարգային հարցից:
Հ. Նաղդալյանը նշեց, որ ինքը ստիպված է եղել փոխել ավելի վաղ իր կողմից պատրաստված ելույթը և ստիպված հակադարձել է ադրբեջանցի պատվիրակներին:
«Մասնավորապես, ես հիշեցրեցի Ադրբեջանում ստեղծված փախստականների ճամբարների մասին, որտեղ սարսափելի պայմաններում մարդիկ են պահում ու դա միայն մեկ նպատակով՝ քաղաքական շոուի, այն պատճառով, որ ողջ աշխարհին ցույց տան, որ իրենց երկրում փախստականներ կան:
Այդ դեպքում Ադրբեջանի իշխանությունները պետք է պատասխան տան իրենց իսկ քաղաքացիներին, թե ինչպես է լինում, որ իրենք տարբեր երկրներին վարկեր են տրամադրում, միլիարդավոր դոլարների հասնող սպառազինություն ձեռք բերում, սակայն իրենց երկրի կարիքավորներին ձեռք չեն մեկնում»,- ասաց Հ. Նաղդալյանը:
Պատգամավորն իր ելույթում ամոթալի է համարել այն փաստը, որ սպառազինությունների մրցավազքով տարված ու միլիտարիստական հայտարարություններով հայտնի պետության պատվիրակները, առանց ամաչելու «լաց են լինում» ու օգնություն հայցում:
«Ցավալին այն է, որ որոշ պատվիրակներ դառնում են այդ շոուի մասնակիցը, քանի որ հայտարարում են, թե Ադրբեջանը խնդիրներ ունի և նրան պետք է աջակցություն ցուցաբերվի:
Ցավալի է, որ մի շարք դեպքերում երկակի ստանդարտներ են կիրառվում. մի երկրում եվրոպացի զեկուցողները մանրամասն ուսումնասիրում ու վերլուծում են առկա իրավիճակը, մյուսում՝ առկա ակնհայտ խնդիրներն ուղղակի անտեսում են»,- հավելեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում