ԻՏՁՄ ձեռնամուխ է եղել տեխնոլոգիական ոլորտում պետական տենդերների և գնումների գործընթացի բարեփոխմանը
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունն (ԻՏՁՄ) շահերի պաշտպանությանն ուղղված նոր ծրագիր է ներկայացնում՝ «Տեխնոլոգիական ոլորտում պետական տենդերների և գնումների գործընթացում մշտադիտարկում և բարեփոխում» անվանմամբ: Այս մասին ասյօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Ծրագրի նպատակն է ապահովել պետական գնումների համակարգով իրականացվող մրցույթների թափանցիկությունը, պարզեցնել և հստակեցնել հայտարարվող մրցույթների պայմանները, «մեկ վայրում» դիտարկել պետության կողմից հայտարարվող մրցույթները, իրազեկել և համախմբել հասարակության ակտիվ և շահագրգիռ շերտերին, ինչպես նաև նպաստել ծրագրի ընթացքում ստացված արդյունքների շարունակականության ապահովմանը:
Կ.Վարդանյանի խոսքերով՝ 2010թ-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվեց «Գնումների մասին» ՀՀ օրենքը, որը սակայն ամբողջությամբ հնարավորություն չի ընձեռում ապահովել գնումների թափանցիկ և արդյունավետ իրականացումը: «Միևնույն ժամանակ պետության կողմից գնումներն իրականացվում են մրցույթների միջոցով, որոնք իրենց հերթին ունեն մի շարք թերություններ, դրանցից են հայտարարվող մրցույթների մասին տեղեկատվության անհասանելիությունը, հայտերի ընդունման, գնման առարկայի ձեռքբերման համար ժամկետների ոչ ճիշտ սահմանումը, մրցույթով սահմանված պայմանների չկատարման կամ թերի կատարման համար կողմերի նկատմամբ անհավասար պատասխանատվության միջոցների կիրառումն ու արդյունքների բողոքարկման համակարգի անբավարար ֆունկցիոնալությունը և այլն»,- ասաց Կ.Վարդանյանը: Նա նաև ավելացրեց, որ երբեմն այս ոլորտում նախապատվություն են ստանում միջազգային ընկերությունները, մինչդեռ տեղական ընկերությունները ևս կարող են առաջարկել նույնատիպ արտադրանք: «Որոշ դեպքերում մրցույթները հետաձգվում կամ չեղյալ են հայտարարվում, այն դեպքում, երբ ընկերությունները ծախսեր են իրականացնում մրցույթներին պատրաստվելու համար»,- նշեց Վարդանյանը՝ հավելելով, որ պետք է այնպես անել, որպեսզի հայկական ընկերությունները գտնվեն հավասար պայմաններում:
«Մեր խնդիրն է առաջիկա 7 ամիսների ընթացքում ի հայտ բերել բոլոր խնդիրներն ու դրանց արմատները և փորձենք դրանք ներկայացնել կառավարություն»,- ասաց Կ.Վարդանյանը:
«Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Չոբանյանը նշեց, որ խնդիրներ են առաջացնում նաև մրցութային պայմանների սխալ, ավելորդ և ոչ հստակ ձևակերպումների պատճառով, երբ մրցույթ հայտարարողը չի տիրապետում ձեռք բերվող ապրանքի/ծառայության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությանը: «Օրինակ՝ պահանջվում են այնպիսի ապրանքներ և ծառայություններ, որոնք արդիական չեն, ինչի արդյունքում ձեռք բերված ապրանքները, ծառայությունները կամ լուծումները չեն կարող արդյունավետ լինել»,- ասում է Հայկ Չոբանյանը:
Նշենք, որ ծրագիրն իրականացվում է Քաունթերփարթ Ինթերնեշնլ Հայաստանի և ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին