Սերժ Սարգսյանը` սահմանում տեղի ունեցած միջադեպերի մասին. Կատարվածի պատասխանն անխուսափելի է (տեսանյութ)
Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում բնակիչների հետ հանդիպմանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձավ այսօր, ինչպես նաև նախորդ օրերին սահմանին տեղի ունեցած միջադեպերին, հայտարարելով, որ կատարվածի պատասխանն անխուսափելի է:
«Այս օրերին ադրբեջանական կրակակետերից շարունակվում են գնդակոծվել մեր տարածքները: Վերջին դեպքերին տեղյակ եք, նախ` մանկապարտեզն է կրակակետերի կիզակետում, հետո սանիտարական մեքենան, այս գիշեր ունեցել ենք երեք պայմանագրային զինվորների կորուստ Տավուշի շրջանում, վիրավորներ էլ ունենք:
Չեմ կարծում, որ որևէ մեկը մեր երկրում դեռևս կասկածում է համապատասխան արձագանքի անխուսափելիությանը, չեմ կարծում, որ որևէ մեկը կասկածում է մեր պաշտպանական ուժերի հզորությանը: Թող ոչ ոք չկարծի թե կարող է օգտվել մեր երկրում տեղի ունեցող գործընթացներից կամ մտածի, որ ընտրություններ է, մեր գլուխը խառն է: Մենք ինչ ստեղծել ենք, ստեղծել ենք ամուր ու այսուհետ ևս նույնկերպ շարունակելու ենք»,-Panorama.am-ի թղթակցի փոխանցմամբ ասել է երկրի ղեկավարը:
Նշենք, որ քիչ առաջ Պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի ժամը 04:15-ի սահմաններում ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ Տավուշի մարզի Այգեպար-Մովսես գյուղերի միջև ընկած ճանապարահատվածում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողներից մեկին պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով երթևեկելիս հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել վարորդը և ևս երկու պայմանագրային զինծառայողներ:
Ձեռնարկված միջոցառումներով վերջիններիս կյանքը փրկել հնարավոր չի եղել՝ երկու պայմանագրային զինծառայողները մահացել են Բերդի զինհոսպիտալ տեղափոխելու ճանապարհին, իսկ մեկը՝ Բերդի զինհոսպիտալում:
Դեպքի վայրի զննության ժամանակ բազմաթիվ հրազենային հետքեր են հայտնաբերվել նաև վերը նշված ավտոմեքենայի վրա: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2–րդ մասի 1-ին և 6-րդ կետերով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն: