«Համանախագահների հայտարարությունը չի բացահայտում սադրիչ գործողությունների հասցեատիրոջը»
«Ժամանակն է, որ համանախագահները իրերն իրենց անուններով կոչեն, այլապես նման հայտարարութունները պարարտ հող են ստեղծում ադրբեջանական սադրանքների համար»,- մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածած հայտարարությունը՝ Panorama.am-ին ասաց փորձագետ Էդգար Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ անցնող շաբաթվա ընթացքում Ադրբեջանի զինծած ուժերը հայ-ադրբեջանական սահմանում և ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում ակտիվորեն խախտել են հրադադարի ռեժիմի կանոնները, ինչի արդյունքում հայկական կողմից 3 զինծառայող մահացել է, ևս 2-ը՝ վիրավորվել են: Կրակահերթ է բացվել նաև հայկական բնակավայրերի՝ սահմանամերձ դպրոցների ու մանկապարտեզների ուղղությամբ:
Իսկ ԵԱՀԿ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Նման անմիտ գործողությունները խախտում են կողմերի՝ ուժի գործադրումից զերծ մնալու և ԼՂ հակամարտությունը խաղաղ կարգավորելու ստանձնած պարտավորությունները, միաժամանակ հակասելով 2012 թ-ի հունվարի 23-ին նախագահներ Ալիևի և Սարգսյանի ընդունած համատեղ հայտարարության ոգուն»:
Ըստ փորձագետի՝ նման հերթապահ հայտարարությունները չեն նպաստում սահմանագծում առկա իրավիճակի լիցքաթափմանը, քանի որ Ադրբեջանն օգտվելով ընդհանուր ու ստանդարտ հայտարարություններից, նոր սադրիչ գործողությունների է գնում:
«Ցավալի է, երբ իմանալով ճշմարտությունը կարդում ես համանախագահների տարածած հայտարարությունը, քանի որ դրանում այդպես էլ պարզություն չի մտցվում, թե իրականում, ով է խախտել հրադադարի ռեժիմը և ով է պատասխան տալու մարդկային կորուստների համար»,- ասաց նա:
Է. Հովհաննիսյանի խոսքերով, քանի դեռ կոնկրետ քննադատության հասցեատերը չի մատնանշվում ու պատասխանատվության չի ենթարկվում, անհնար է խոսել իրավիճակի կայունության կամ նման դեպքերի բացառման մասին: