Գ.Պողոսյան. Հենց այս պատկերն էլ խորհրդարանական ընտրությունները իրենց հետ կբերեն
«Նախընտրական քարոզարշավը շարունակվում է, կուսակցությունները դեռ կարող են բարելավել իրենց դիրքերը, թեև ես այն կարծիքին եմ, որ հենց այս պատկերն էլ խորհրդարանական ընտրությունները իրենց հետ կբերեն: Բայց գուցե կուսակցությունները դեռ կարողանան իրենց դիրքերը բարելավել դեռևս չկողմնորոշված 15 տոկոս ընտրողների կողմնորոշման հաշվին»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գևորգ Պողոսյանը:
Նշենք, որ նրա ղեկավարած կազմակերպությունը Gallup սոցիոլոգիական հետազոտությունների համաշխարհային ճանաչում ունեցող կազմակերպության հետ համատեղ` «Արմնյուզ» լրատվական հեռուստաալիքի պատվերով, իրականացնում է հասարակական կարծիքի ուսումնասիրություն` գալիք խորհրդարանական ընտրությունների պատկերը ուրվագծելու նպատակով:
Ըստ հարցումների երկրորդ փուլի` հարցված 1015 հավանական ընտրողների 42 տոկոսն այսօր պատրաստ է ընտրել ՀՀԿ-ին, իսկ ԲՀԿ-ին` հավանական ընտրողների 28 տոկոսը:
ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի ընտրազանգվածը միմյանց շատ նման է, իր հերթին նշեց Gallup Europe ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռասա Ալիշաուսկենեն, իսկ սա նշանակում է, որ կուսակցությունների ջանքերի շնորհիվ, օրինակ ՀՀԿ-ի ընտրողը վերջին շաբաթում կարող է «տեղափոխվել» ԲՀԿ-ի ընտրազանգվածի շարքերը և հակառակը:
Նշենք, որ ուսումնասիրությունները տևելու են 2012թ-ի ապրիլից մինչ 2013թ-ի փետրվարն ընկած ժամանակահատվածը:
Նախորդող լուրերը` Gallup Organization. ՀՀԿ-ին պատրաստ է ընտրել հարցվածների 42 %-ը, ԲՀԿ-ին` 28 %-ը. ԲՀԿ-ն կորցրել է վստահության 2 %
Gallup-ի մասնագետը չի բացառում, որ մայիսի 6-ին առանձին կուսակցություններ կխոչընդոտեն իրենց աշխատանքը
Ստորագրվեց. Հայաստանում առաջին անգամ ընտրության օրը կանցկացվի էքզիտ փոլ
«Գելափ»-ի հարցումների համաձայն, նվազագույն շեմը հաղթահարում են 5 ուժեր