Կասկադում ապրիլի 30-ին մինչև ուշ գիշեր ջազի սիրահարները կարող են ունկնդրել լավագույն ստեղծագործությունները
Ապրիլի 30-ին ամբողջ աշխարհում կնշվի Ջազի միջազգային օրը: Տոնին ընդառաջ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում հյուրընկալել էր հայտնի հայ ջազմեններին: Հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել ջազի հայ վարպետներին Հայասատանի և մասնավորապես Երևանի մշակութային կյանքում ներդրած մեծ ավանդի համար:
«Անչափ կարևոր է ձեր դերակատարումը հայերիս համար արդեն հարազատ դարձած երաժշտական այս ուղղության` ջազի պրոպագանդման ասպարեզում: Վստահեցնում եմ, որ Երևանի քաղաքապետարանը միշտ պատրաստ է աջակցելու ձեզ բոլոր այն նախաձեռնություններում, որոնք ուղղված են մայրաքաղաքի մշակութային կյանքի աշխուժացմանն ու հարստացմանը»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Հյուրերը շնորհակալություն են հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին ջերմ ընդունելության և մայրաքաղաքի մշակութային կյանքին, այդ թվում նաև երաժշտարվեստին ցուցաբերվող մշտական ուշադրության և աջակցության համար:
Ըստ աղբյուրի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Ջազի միջազգային օրվան նվիրված մեծ նվեր կմատուցվի մայրաքաղաքի երաժշտասերներին:
Ջազի սիրահարները ապրիլի 30-ին, ժամը 20:00-ից մինչև ուշ գիշեր, Կասկադ համալիրի հարակից տարածքում հնարավորություն կունենան ջազի հայ վարպետների կատարմամբ ունկնդրելու ինչպես հայկական, այնպես էլ համաշխարհային լավագույն ջազային ստեղծագործությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները