Ն. Գալստյան. Միակ զսպող հանգամանքը հայ զինվորն է
«Այս իրադարձությունն ուներ նախապատմություն, որի սկիզբը ես համարում եմ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում Բաքվում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ալիևի` հայերի ու Հայաստանի հասցեին հնչեցրած վիրավորական հայտարարությունները, ապա դրան հաջորդած` այսպես կոչված, ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների հետ Ալիևի հանդիպումը և ապրիլի 24-յան օրերին պարբերաբար տեղի ունեցած հրադադարի ռեժիմի խախտումներն ամբողջ սահմանի երկայնքով, և դրանց կուլմինացիան դարձավ այս իրադարձությունը»,-անդրադառնալով երեկ Տավուշի մարզում տեղի ունեցած միջադեպին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Նարեկ Գալստյանը:
Հիշեցնենք, որ երեկ Տավուշի մարզի Այգեպար-Մովսես գյուղերի միջև ընկած ճանապարահատվածում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողներից մեկին պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով երթևեկելիս հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել վարորդը և ևս երկու պայմանագրային զինծառայողներ: Նրանց կյանքը փրկել չի հաջողվել:
Անդրադառնալով այս քայլով Ադրբեջանի հետապնդած նպատակներին, բանախոսը նշեց. «Այստեղ ես չեմ տեսնում ոչ մի ռազմական, մարտավարական նպատակ: Ոչ դիրքային առաջխաղացում է եղել, ոչ տեխնիկա են վերցրել, ոչ էլ ենթակառուցվածք են չեզոքացրել»:
Ն. Գալստյանը կարծում է, որ եթե նրանց նպատակը եղել է հայկական կողմին բարոյալքման հասցնելը, ապա իրականում տեղի է ունեցել բոլորովին հակառակը:
Քաղաքագետը նշեց, որ սա Ալիևի համար ներքին օգտագործման, քաղաքական ռեսուրսները մոբիլիզացնելու ևս մեկ հնարավորություն էր` հայերի նկատմամբ ատելությունը սրելու և հայի` որպես արյունարբու թշնամու, կերպարը վառ պահելու միջոցով:
«Չեմ կարծում, որ սա մեսիջ էր միջազգային հանրությանը: Ես Ադրբեջանի դիրքորոշման մեջ որևէ դրական փոփոխություն չեմ տեսնում: Միջազգային հանրության դիրքորոշումը ևս, ինչպես եղել է, այնպես էլ շարունակվում է` հայտարարություններ, հայտարարություններ, անատամ կոչեր... միակ զսպող հանգամանքը հայ զինվորն է»,- հավելեց բանախոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները