Մանկավաճառ բժիշկը շարունակում է աշխատել որպես մանկաբարձ-գինեկոլոգ. Բաց նամակ Տարոն Մարգարյանին
«Ոչ երեխաների վաճառքին» քաղաքացիական նախաձեռնությունը բաց նամակ է հղել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` զայրույթ ու մտահոգություն հայտնելով փաստի առթիվ, որ «մանկավաճառ բժշկուհի Նաիրա Բալայանը շարունակում է աշխատել Քանաքեռ-Զեյթուն բ/կ-ում` որպես մանկաբարձ-գինեկոլոգ»:
Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ նախաձեռնությունը բաց նամակ էր հղել առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին: Panorama.am-ի հետ զրույցում ԱՆ մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը հայտնել էր.«Առողջապահության նախարարն առաջարկելու է, որ այդ կնոջ աշխատանքի բնույթը փոխվի»:
«Դեկտեմբերին մենք մեր զայրութն ու մտահոգությունն էինք հայտնել առ այն, որ Դեռ մինչ այդ` 2011 թ-ի սեպտեմբերի 26-ին, Վճռաբեկ դատարանի վերջնական որոշմամբ Նաիրա Բալայանը Քրեական օրենսգրքի 168-րդ հովածի 1-ին կետով դատապարտվել է 2 տարվա ազատազրկման առնվազն 2 նորածինների վաճառքի համար, սակայն պատժի կրումը հետաձգվել է իր մանկահասակ երեխային խնամելու պատրվակով:
ՀՀ առողջապահության նախարարը նախ խոստացավ խնդիրը քննարկել քաղաքապետարանի հետ, քանի որ նշված բ/կ-ն ձեր ենթակայության ներքո է գործում: Մարտի 19-ին մենք կրկին բաց նամակով դիմեցինք Ձեզ և պարոն Քուշկյանին հանցագործ բժշկուհու աշխատանքային գործությունեությունը կասեցնելու խնդրով, որպեսզի փողի մոլուցքով տարված բժշկուհին հնարավորություն չունենա խաթարելու նաև այլ նորածինների ճակատագիրը: Առողջապահության նախարարը, իր մամլո խոսնակի միջոցով, խոստացավ միջնորդություն ներկայացնել քաղաքապետարան, որ Նաիրա Բալայանը փոխի իր աշխատանքի բնույթը(«աշխատի ուրիշ պոլիկլինիկայում կամ նույն հիմնարկում, սակայն արխիվի բաժնում, որտեղ կոնկրետ մարդկանց հետ գործ չի ունենա»), եթե նրան դատարանը չի զրկել աշխատանքի իրավունքից: Իսկ մարտի 30-ին մենք ստացանք պաշտոնական պատասխան Առողջապահության նախարարությունից, որ համապատասխան միջնորդությունն ուղարկվել է Քաղաքապետարան:
Անցել է մոտ մեկ ամիս, սակայն քաղաքապետարանի կողմից որևէ քայլ չի ձեռնարկվել, ու որևէ արձագանք չկա: Հուսով ենք, որ քաղաքապետարանը նույնքան հետևողական կգտնվի, որքան Առողջապահության նախարարությունը, և բժշկուհու հանցավոր գործունեությանը վերջ կդրվի: Քաղաքապետարանին և անձամբ Ձեզ պատիվ չի բերում, որ իր ենթակայության տակ գործող հիմնարկում նման բարոյական նկարագիր ունեցող «բժիշկ» է աշխատում»,- ասված է նախաձեռնության` քաղաքապետին ուղղված բաց նամակում: