Թուրքիայի փոխվարչապետը հայ-թուրքական արձանագրությունների մասին
Թուրքիայի փոխվարչապետ և նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանը Բոստոնում մասնակցել է ԱՄՆ Թավթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում կազմակերպված մի կոնֆերանսի, որի ժամանակ ուսանողները նրան հարցեր են ուղղել նաև հայ-թուրքական հարաբերությունների և արձանագրությունների մասին:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Հաբեր3» (Haber3) լրատվական կայքը, Բաբաջանը հայ-թուրքական կարգավորումը դարձյալ պայմանավորել է ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացով:
«Մենք արագ գործեցինք և մեր ստորագրությունները դրեցինք արձանագրությունների տակ, բայց Հայաստան-Ադրբեջան ճակատում դեռևս արդյունք չկա: Մենք դեռ 2007 թվականին կարգավորման գործընթացը սկսելու ժամանակ էինք խոստացել կյանքի կոչել արձանագրությունները, եթե Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության հասնեն»,- ասել է Թուրքիայի փոխվարչապետը` հավելելով, որ այժմ իրենք սպասում են երկու հարևանների` Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխհամաձայնության հասնելուն, որից հետո Անկարան պատրաստ կլինի հայ-թուրքական կարգավորման գործընթացը առաջ մղել: