Կ. Սարիբեկյան. Ադրբեջանն փորձում է սահմանային բախումները լայնածավալ պատերազմական գործողությունների վերածել
«Ինչքան էլ միջնորդ երկրները քննադատեն, ինչքան էլ գոռան ու կոչ անեն, խնդիրը տենց չի լուծվում, չեմ հասկանում իրանք դա չե՞ն գիտակցում»,- մեկնաբանելով Ադրբեջանի կողմից իրականացրած դիվերսիան ու դրա առնչությամբ համանախագահների տարածած հայտարարությանը՝ Panorama.am-ին ասաց ԱԺ պատգամավոր, ԵԿՄ անդամ Կարեն Սարիբեկյանը:
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմից իրականացված դիվերսիայի արդյունքում 3 պայմանագրային զինծառայող էր սպանվել, ևս մեկը՝ վիրավորվել:
Պատգամավորի համոզմամբ՝ Ադրբեջանն այդ կերպ փորձում է սահմանային բախումները լայնածավալ պատերազմական գործողությունների վերածել, սակայն միջազգային հանրությունը անտեսում է դրանք:
«Հայաստանը չի ցանկանում տրվել այդ սադրանքներին, սակայն սահմանին մարդկային կորուստներն աճում է, իսկ միջազգային հանրությունը «տեղից չի շարժվում»: Ի՞նչ է՝ պատերազմ են ցանկանում, թե ավելի կարևոր գործերով են զբաղված: Նայում ես համանախագահների տարածած հայտարարությանը, նվազագույնը ցավ ես ապրում, ոնց որ մարդու «ձեռք առնեն»: Ադրբեջանը մի շաբաթվա մեջ ետքան մարդ սպանեց, մանկապարտեզի ու դպրոցների վրա կրակահերթ բացեց, ինքը մեզ է՞ հանգստության կոչ անում»,- վրդովված նշեց Կ. Սարիբեկյանը:
Ըստ ԵԿՄ անդամի՝ Ադրբեջանի պատերազմի կոչեր է անում, սադրանքներ հրահրում ու չի բացառվում, որ մի օր էլ պատերազմ կսկսի, իսկ աշխարհը «էշի ականջում քնած ա»: