Ռազմիկ Դավոյանը պատրաստ է կանգնել ՀՀ Նախագահի կողքին, եթե նա դրա կարիքն ունենա
«Ինձ ուրախացնում է այն, որ բոլոր քաղաքական ուժերը հակված են կարծելու, որ այս ընտրություններն ավելի արդար են անցնելու»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բանաստեղծ Ռազմի Դավոյանը:
Խոսելով ընտրակաշառքներից` բանաստեղծը նշեց, որ դրա առաջն առնելն անհնար է, քանի որ այն քաղաքական ուժերը, որ մեծ կրքով ուզում են գալ իշխանության՝ նրանք ոչնչի առաջ կանգ չեն առնի: Այսինքն, ըստ նրա, կուսակցությունների գեղեցիկ խոսքերը, ճառերը, նվիրումի խոսքերը միայն խոսքեր են, քանի որ ոչինչ էլ չեն արել, իսկ եթե աշխատատեղեր ստեղծվել են, ապա դա եղել է միայն իշխող կուսակցության կողմից:
«Հակված չեմ մտածելու, թե գանձարանում ամեն ինչ լցված է, և իշխանությունը չի ուզում այդ ամենը բաժանել ժողովրդին: Կա ստվերային տնտեսություն, կա թալան, կա օլիգարխների կողմից ժողովրդի շահերը հաշվի չառնելը, այդ ամենը կա, բայց ահա զորավորները խոստանում են, որ կգան դրանց կկռացնեն, բայց այդպիսի բան անհնար է, նրանց մեջ պետք է արթնացնել ժողովրդի հանդեպ պատասխանատվության զգացումը»,- ասաց Ռ. Դավոյանը:
Բանաստեղծի խոսքերով՝ ընդդիմության մեջ էլ կարող ուժեր կան, կան անհատներ, որոնց վերաբերում է իբրև ընկեր, բարեկամ, բայց միջազգային ասպարեզում, նրա կարծիքով, Հայոց հարցը կկարողանա պաշտպանել միայն իշխող կուսակցությունը:
Ռազմիկ Դավոյանը գոհ է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունից: «Իշխող կուսակցության ղեկավարը կարողացել է այդ վարկը, կշիռը ձեռք բերել միջազգային ասպարեզում: Նա սթափ, հավասարակշիռ խիզախության տեր է: Այս տեսակ ներդաշնակություն դժվարանում եմ որևէ մեկին վերագրել»,- ընդգծեց Ռ.Դավոյանը:
Ըստ նրա՝ ժողովրդի միասնությունը քայքայողը կուսակցություններն են: «Բոլորի դրոշի վրա գրված է՝ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է», բայց բոլորը գոռում են՝ ես եմ, ես եմ քո միակ փրկիչը, ինձ տուր իշխանությունը և ժողովրդին բզկտում են տարբեր միջոցներով, ընտրակաշառքներով»,- ասաց բանաստեղծը՝ հավելելով, որ այն կուսակցությունը, որը հանուն հայ ժողովրդի միասնության կլուծարվի, ապա «մոմերն առած» կգնա նրա դուռը և կասի, որ սա է իսկապես հայրենասեր կուսակցությունը:
Ինչ վերաբերում է քարոզարշավին, ապա Ռ.Դավոյանն նորմալ է գնահատում, ճչացող թերություններ չկան, սակայն կարծում է, որ այն կուսակցությունները, որոնք խորհրդարան մտնելու վերջին ճիգերն են անում, ապա հնարավոր է անցնեն սադրանքների, պրովակացիաների, բայց, ըստ նրա, համապատասխան սադրանքներին արդար ձևով դիմակայելու համար կառավարությունը պետք է պատրաստ լինի: Ռ.Դավոյանը նշեց նաև, որ ընտրությունների ժամանակ պետք է ամենաարդարը իշխող կուսակցությունը լինի: Ռ.Դավոյանը ընդգծեց, որ ապագան տեսնում է իշխող կուսակցության հետ:
Հարցին, թե բանաստեղծը կարծում է, որ մարտի 1-ի դեպքերը կապված են ընդդիմության սադրանքների հետ, Ռ.Դավոյանը պատասխանեց. «Վստահաբար: Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը և նրա շրջապատը չգոռային, թե էս բոլոր խանութները, որ նոր են շինել՝ գնացեք ջարդեք, ապրանքը Ձերն է, կոնյակ խմեք, երշիկ-մերշիկը տարեք և այլն, ապա այդպիսի բան չէր պատահի: Ժողովուրդը սպասում էր էդ տեսակ սադրանքի»:
Բանաստեղծը նշեց, որ այս ընտրություններում պատրաստ է կանգնել ՀՀ Նախագահի կողքին, եթե նա դրա կարիքն ունենա, «սակայն տեսնում եմ, որ Նախագահն առանց ինձ էլ կարողանում է յոլա գնալ»:
Իսկ վերջում բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը ավելացրեց. «Մտավորականը պետք է ժողովրդի հետ լինի: Ես մեր ժողովրդի հետ եմ և դա ժողովուրդը հիանալի գիտի, իմ քայլը խոտոր չի եղել, ես երբեք ժողովրդի շահերից դուրս ուրիշ շահ չեմ հետապնդել»: