Սերժ Սարգսյան. Ես ձեզ կոչ չեմ անում, որ դուք համարեք` մայիսի 6-ը մահվան ու կռվի օր է
Այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակում Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը հանդիպեց Ավան վարչական շրջանի բնակիչների հետ, նրանց կոչ արեց ձայն տալ թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական կարգով ՀՀԿ-ի կողմից առաջադրված Ռուբեն Հայրապետյանին:
Հիշեցնենք, որ Ռ. Հայրապետյանը գործող պատգամավոր է, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը: Նույն ընտրատարածքում նրա հետ պայքարում են «Ժառանգություն»-ից Ստյոպա Սաֆարյանը և լրագրող Գայանե Առուստամյանը, ում սատարելու մասին հայտարարել է Հայ ազգային կոնգրեսը:
Սերժ Սարգսյանի խոսքով, Ռ. Հայրապետյանը կարող է համայնքը արժանավայել ներկայացնել խորհրդարանում:
«Գալիք խորհրդարանը լինելու է բոլորինը»,-իր ելույթում հայտարարեց Ս. Սարգսյանը, ապա ավելացրեց. «Ես ձեզ կոչ չեմ անում, որ դուք համարեք, որ մայիսի 6-ը ինչ-որ շատ-շատ կարևոր օր է, մահվան ու կռվի օր: Գալիք ընտրությունները պետք է ավելի շատ լինեն համերաշխության ընտրություններ: Իհարկե, մենք պետք է գիտակցենք, որ ընտրում ենք մեր երկրի իշխանությանը, սակայն ամենակարևորը մեր ազգի, մեր պետության համերաշխությունն է»:
Խոսելով իր ղեկավարած քաղաքական ուժի մասին` Սերժ Սարգսյանը նշեց, որ ՀՀԿ-ն առաջատար ուժ է, երբեք չի առաջնորդվել նեղ և կուսակցական շահերով: ՀՀԿ ղեկավարը նշեց, որ գալիք ընտրությունները պետք է լինեն ամենալավը Հայաստանի պատմության մեջ, «որպեսզի մենք կարողանանք կառուցել բարեկեցիկ Հայաստան: Երբ որ ասում եմ, ամենալավ Հայաստան, դա նշանակում է ամենալավ Հայաստան բոլորիս համար` մեր, ձեր, բոլորիս` մեկիկ-մեկիկ վերցրած»:
Լուսանկարները` ԼԻԼԻԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա