Շարապովան առաջին անգամ հաղթեց Շտուտգարտի մրցաշարում
Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան վերջապես կարողացավ կոտրել «մշտապես 2-րդը լինելու» կարծրատիպը` հաղթանակ տոնելով Շտուտգարտի հեղինակավոր մրցաշարում: Հիշեցնենք, որ վերջին մի քանի մրցաշարերում Մաշային հաջողվում էր դուրս գալ մինչև եզրափակիչ, սակայն վճռորոշ խաղում նա զիջում էր, որի պատճառով էլ ռուս լրագրողները նրան կնքել էին «մշտապես 2-րդ Մարիան» անվանմամբ:
Շտուտգարտի մրցաշարում Շարապովայի մրցակիցը 22-ամյա բելոռուս թենիսիստուհի, համաշխարհային վարկանշային սանդղակի առաջատար Վիկտորյա Ազարենկոն էր: 1 ժամ 24 րոպե տևած պայքարում Շարապովան 2 սետում կարողացավ պարտության մատնել Ազարենկոյին: Գրանցվեցին 6:1, 6:4 հաշիվներ:
Այսպիսով` Շարապովան տոնեց ընթացիկ մրցաշրջանում իր առաջին, իսկ կարիերայի ընթացքում` 25-րդ հաղթանակը, որը նրան կբերի 155 հազար դոլար պարգևավճար և 470 միավոր` համաշխարհային վարկանշային սանդղակում:
Հետխաղային մամուլի ասուլիսում ռուս թենիսիստուհին պատմել է հաղթանակի և հետագա քայլերի մասին:
«Անչափ ուրախ եմ, որ, ի վերջո, կարողացա հաղթանակ տոնել: Բոլոր մրցակցուհիներս էլ շատ ուժեղ էին, իսկ մրցաշարն էլ գերազանց էր կազմակերպված: Ցավոք սրտի, Վիկան այս խաղում վնասվածքով էր հանդես գալիս, ուստի նա չկարողացավ ցուցադրել այն խաղը, որը կարող է: Ամեն դեպքում` երջանիկ եմ, որ իմ կարիերայի ընթացքում առաջին անգամ կարողացա նվաճել Շտուտգարտի մրցաշարի գլխավոր մրցանակը:
Սովորաբար «Ռոլան Գարոսի» մրցաշարից առաջ ես միշտ հանդես եմ գալիս մի քանի մրցաշարերում, որպեսզի լավ մարզավիճակ ձեռք բերեմ «Մեծ սաղավարտի» հեղինակավոր մրցաշարից առաջ: Հնարավոր է` հիմա պլաններս մի քիչ փոխվեն, և հողածածկով կորտերում նախապատրաստական աշխատանքներս նախատեսվածից շուտ սկսեմ»,- ասել է Շարապովան:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա