Օսկանյանի բարձրացրած հարցերը Հ2-ի հարցազրույցի ընթացքում
ՀՀկ խորհրդի անդամ Վարդան Արամյանն անդրադարձել է Հ2-ի հարցազրույցի ընթացքում Վարդան Օսկանյանի բարձրացրած հարցերին:
Տնտեսական քաղքաքականության վերաբերյալ` անհասկանալի է թե Օսկանյանի անհեթեթ պնդումներն ինչ տնտեսագիտական փիլիսոփայությամբ է հիմնավորվում: Ավելին, թերևս եթե հասարակ ժողովուրդը պարտավոր չէ մանրամասն իմանալ, թե մակրոտնտեսական քաղաքականության երկու կարևորագույն թևերը` հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունները ինչ դեր ու նշանակություն ունեն, կարճաժամկետ և երկարաժամկետ հորիզոններում ինչ նպատակադրումներ պետք է ունենան և ինչպես պետք է կոորդինացվեն` շոկերի արդյունավետ կլանման համար, ապա անձինք, որոնք սեփական շահադիտական նկատառաումներով տնտեսագիտական որևէ տրամաբանությունից զուրկ հայտարարույթյուններ են անում, թերևս պարտավոր են:
Օսկանյանն ասում է. «Այսօր Կենտրոնական բանկի և կառավարության դերերը խառնված է…. Թերևս դրա հիմնական պատճառներից մեկը կարող է լինել, որ ԿԲ պաշտոնյաները այսօր զբաղեցնում են կառավարության բարձր պաշտոնները և դեռևս չեն ձերբազատվել իրենց Կենտրոնական բանկի մտածելակերպից……ԿԲ-ն պետք է զբաղվի գնաճի զսպումով…..»
Եթե իրականում դա այդպես լիներ, ուրեմն Օսկանյանի պնդմամբ երկու կարևորագույն քաղաքականությունները` հարկաբյուջետային և դրամավարկային, ճիշտ չեն իրականացվում: Եթե ճիշտ չեն իրականացվում, ուրեմն տնտեսագիտական դասագրքային պարզ ճշմարտություն է, որ քաղաքականությունների սխալ իրագործումը` առավել ևս ճգնաժամի և հետճգնաժամային տարիներին տնտեսությունում մտցնում են խեղաթյուրումներ(distortions), հետևաբար մենք պետք է ճգնաժամից հետո ականատես լինեինք ոչ թե տնտեսական իրավիճակի շտկման` տնտեսական աճի արագացող տեմպեր, գնաճի նվազումներ, այլ հակառակը:
Ավելին երկրի մակրոտնտեսական քաղաքականության ուղղությունները միշտ դիտակետում պահող միջազգային կառույցները` Ֆիթչ, Մուդիս, Համաշխարհային բանկ և հատկապես մակրոտնտեսական քաղաքականության առումով առաջնորդ հանդիսացող ԱՄՀ-ն, ոչ միայն նման փաստ չեն արձանագրել այլ ասել են Օսկանյանի պնդման ճիշտ հակառակը: Օրինակ, եթե ուշադրությամբ ընթերցենք ԱՄՀ-ի 2012թ-ի մարտի 27-ի մամլո հաղորդագրությունը, ապա կտեսնենք, մեջբերված է. «Գնաճն էապես նվազել է` ի շնորհիվ ճիշտ դրամավարկային քաղաքականության…… Հարկաբյուջետային քաղաքականությունը մնում է ԱՄՀ ծրագրին համահունչ, իսկ հարկաբյուջետային դիրքն էապես ուժեղացել է…. Հարկաբյուջետային քաղաքականության պատասխանատուները բավականաչափ խելամտություն են դրսևորում պարտքի արդյունավետ կառավարման գործում:…. Շարունակվող հարկաբյուջետային կոնսոլիդացիայի հետ մեկտեղ, կառավարությունը արդարացված մեծ ուշադրություն է դարձնում արտահանման աճին»: Նմանատիպ նախադասություններ կարելի է գտնել նաև Համաշխարհային բանկի CPIA-ի (Country Policy and Institutional Assesment) հերթական հաշվետվություններում, որտեղ մակրոտնտեսական կառավարումը մշտապես գնահատվել է բարձր և լավագույնը տարածաշրջանում:
Այսինքն Օսկանյանի պնդումները ոչ մի տնտեսագիտական հիմնավորվածություններ չունեն և սեփական անհեթեթ մտորումների արդյունք են:
Օսկանյանն իր ելույթներում խառնում է մշտապես հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների բնույթները և դա նորմալ է, քանի որ ինքը տնտեսագետ չէ և չի կարող ընկալել, թե որ դեպքում ինչու պետք է դրամավարկային կամ հարկաբյուջետային քաղաքականություններն այս կամ այն ուղղությունն ունենան, ինչպես նաև ինչ է նշանակում հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների կոորդինացումը: Հենց դրա համար էլ առանց հասկանալու ասում է «դրամավարկային քաղաքականությունը ճգնաժամի ժամանակ եղել է զսպող…. »:
Այս պնդումն ակնհայտ չի համապատասխանում իրականությանը, քանի որ ճգնաժամի տարում` 2009թ-ի ընթացքում դրամավարկային քաղաքականության ռեպո տոկոսադրույքն իրականում իջեցվել է մեկ տարվա ընթացքում 2.25 տոկոսային կետով` նպաստելով նույնիսկ 2009թ-ին վարկերի ծավալների մոտ 18.1 տոկոս աճի:
2010թ-ին այն պետք է բարձրացվեր, քանի որ տարվա ընթացքում մեծանում էին գնաճային ճնշումները, և անհրաժշետ էր դրանք զսպել` հակառակ դեպքում արագացող գնաճը կհանգեցներ նաև մակրոտնտեսական կայունության խաթարման և կխանգարեր տնտեսական աճի վերականգնմանը: Ուրեմն, Օսկանյանը չի տիրապետում, թե ինչ կապ կա գնաճի, մակրոտնտեսական կայունություն կոչվածի և տնտեսական աճի միջև:
Օսկանյանն ասում է. «Վարվող հարկաբյուջետային և դրամավարկային քաղքաքականությունները ճիշտ չեն իրականացվում....»
Օսկանյանը չի տիրապետում նաև, տնտեսական քաղաքականությունների իրականացման պարզագույն կանոններին, որը կոչվում է «Կոորդինացիա»: Ընդունված կանոն է, որ երբ տնտեսությունը ենթարկվում է շոկի, էլ ավելի է մեծանում դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների կոորդինացման անհրաժեշտությունը:
Հետևաբար 2010թ-ի ներքին և արտաքին շոկերի արդյունքում ձևավորված բարձր գնաճային միջավայրում եթե երկու քաղաքականություններից նույնիսկ մեկը լիներ ընդլայնող, օրինակ հարկաբյուջետային քաղաքականությունը պահանջարկ խթաներ, ինչպես Օսկանյանն է ասում, ապա երկրի տնտեսությունում գնաճի տեմպերը կարագանային` վտանգելով երկարաժամկետ տնտեսական աճին, և չի բացառվում նաև ստագֆլացիայի (ստագֆլյացիան այն է, երբ գնաճն ու տնտեսական անկումը մեկտեղվում են) երևույթների ի հայտ գալը:
Իհարկե, այս իրավիճակում հազիվ թե մեկ քաղաքացի գտնվեր, որ ողջուներ բարձր գնաճը և տնտեսական անկումը` մի բան որ ականատես ենք եղել 90-ականների սկզբներին: Իսկ 2011թ-ի դրամավարկային քաղաքականությունը եղել է զսպող, որպեսզի հակազդի գնաճային սպասումներին, հարկաբյուջետային քաղաքականությունը չեզոք, որպեսզի մի կողմից չվտանգի տնտեսական վերականգմանը, իսկ մյուս կողմից չխանգարի դրամավարկային քաղաքականությանը գնաճի զսպման գործում:
Իրականացված քաղաքականության արդյունքը` 2011թ-ի վերջին հաջողվեց գնաճն ընդամենը մեկ տարվա ընթացքում բերել կառավարելի միջակայք` տարեվերջին ունենալով 4.7 տոկոս գնաճ, իսկ տնտեսական աճի ցուցանիշը կազմեց 4.6 տոկոս:
Օսկանյանն ասում է. «Կոռեկտ չէ ասել, որ ճգնաժամի արդյունքում անկումը նախորդ ժամանակահատվածից որդեգրած անարդյունավետ տնտեսական կառուցվածքն է..... դա արդյունք էր հենց 2008թ-ի կառավարության վարած քաղաքականության»:
Օսկանյանը չի տիրապետում պարզ տնտեսագիտական դոկտրինային, որ տնտեսական կառուցվածքը ձևավորվում է երկար տարիների ընթացքում վարած քաղաքականության արդյունքում, իսկ եթե խոսենք թվերով այն ճյուղերը, որոնք ունակ են դիմակայելու արտաքին ցնցումներին դրանք արտահանելի ճյուղերն են` և մասնավորապես արդյունաբերությունը (մասմաբ նաև գյուղատնտեսությունը), իսկ վերջինիս կշիռը 2000թ-ից մինչ 2007թ-ի վերջը կրճատվել է մոտ 10 տոկոսային կետով: Փոխարենն այս նույն ժամանակահատվածում աճել է արտաքին հատվածից էապես կախված և խոցելի կապիտալ շինարարության ճյուղը մոտ 15.0 տոկոսային կետով` խլելով նաև մասնաբաժին գյուղատնտեսության ոլորտից (գյուղատնտեսության մասնաբաժինը 2000թ-ի վերջին եղել է 23.0 տոկոս իսկ 2007թ-ի վերջին 18.2 տոկոս): Իսկ ճգնաժամի տարում 14.1 տոկոս տնտեսական անկման 10.5 տոկոսային կետը բաժին ընկավ հենց շինարարությանը:
Հետևաբար Օսկանյանը նաև թվերին չի տիրապետում, որովհետև թվային դաշտն այլ բան է փաստում:
Օսկանյանն ասում է. «Ճգնաժամի տարիներին ֆիսկալ քաղաքականությունը փոխանակ պահանջարկի աճին նպաստող քաղաքականություն աներ արել է առաջարկի նպաստման քաղաքականություն»:
Օսկանյանը չի պատկերացնում տարրական տնտեսագիտական բաներ. Պետական սպառումը (որը բյուջեի աշխատավարձերի և ապրանք-ծառայությունների գծով ծախսերի հանրագումարն է) և ներդրումները լինելով ամբողջական պահանջարկի տարր ճգնաժամի տարում անվանական աճել են համապատասխանաբար 10.7% և 21.9%:
Ավելին Օսկանյանը նոր հայտնագործություն է անում` ասելով, որ «առաջարկի աճին ուղղված քաղաքականությունը սխալ է»: Այսօր թե ակադեմիական աշխարհում և թե տնտեսական քաղաքականություն մշակողների մոտ ջատագովվում է առաջարկի խթանման քաղաքականության կարևորությունը, քանի որ այն անմիջապես ՀՆԱ է ստեղծում, մինչդեռ պահանջարկի խթանման քաղաքականությունը կարող է էական արդյունք չունենալ, քանի որ հետևից կարող է խթանել ներմուծումը` նվազեցնելով կառավարության ջանքերի մուլտիպլիկատիվ ազդեցությունը:
Իսկ Հայաստանի պարագայում երկու ուղղությամբ էլ գործիքակազմ կիրառվել է ճգնաժամի տարում. մասնավորապես պահանջարկի խթանում իրականացվել է, որպեսզի հասարակության մոտ սոցիալական խնդիրներ առաջ չգան և սպառումն էապես չնվազի, իսկ առաջարկի խթանման քաղաքականություն իրականացվել է, որպեսզի ապահովվի երկարաժամկետում տնտեսական վերականգնումն ու կայուն տնտեսական աճը:
Նախորդող` Վարդան Արամյանը պատրաստ է ցանկացած ֆորմատով բանավիճել Վարդան Օսկանյանի հետ` տնտեսական քաղաքականության վերաբերյալ