«ՖԱՐՍ». Իսրայելա-ադրբեջանական հարաբերությունները սպառնում են Իրանի ազգային շահերին
Իսրայելա-ադրբեջանական հարաբերությունները սպառնում են Իրանի ազգային շահերին:
Այդ մասին նշված է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության կայքում թողարկված վերլուծական հոդվածում:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ ռազմական, անվտանգության, տեղեկատվության, ինչպես նաև տնտեսության այլ ոլորտներում Ադրբեջանի և Իսրայելի միջև առկա աննախադեպ համագործակցությունն Իրանի պաշտոնյաները համարում են սպառնալիք՝ ուղղված Իրանի ազգային շահերին:
Հոդվածի հեղինակն այնուհետև ներկայացնում է այն գործոնները, որոնց պարագայում Իսրայելը հարավկովկասյան երեք երկրներից, ինչու ՞ է հատկապես ընտրել Ադրբեջանին:
«Իրանա-իսրայելական թշնամական հարաբերությունների առկայության պարագայում Իսրայելը փորձում է ամեն կերպ հաստատվել Իրանի հյուսիսային սահմաններում: Վրաստանն ընդհանուր ցամաքային սահման չունի Իրանի հետ. Թբիլիսին և Թել Ավիվը սահմանափակվում են ռազմատեխնիկական ոլորտի համագործակցությամբ: Հայաստանի և Իրանի չափազանց մոտ և ավանդական հարաբերությունները բացառում են Երևանի և Թել Ավիվի միջև լուրջ համագործակցությանը: Եվ ահա, նման պայմաններում ամենահարմար տարբերակն ընտրվում է Ադրբեջանը, որը Կասպից ծովի իրավական կարգավիճակի, Իրանի քաղաքական իշխանությունների հետ ունեցած տարաձայնությունների և մի շարք այլ գործոնների պատճառով Իրանի հետ համեմատաբար սառը, երբեմն լարված հարաբերություններ է ունեցել վերջին քսան տարվա ընթացքում»,-եզրափակում է հոդվածի հեղինակը:
Նախորդող տեղեկատվություն՝ Ու՞մ դեմ է օգտագործվելու Ադրբեջանի կողմից Իսրայելին տրամադրած «Սիտալչայ» ռազմաբազան. Վերլուծում են իրանական ԶԼՄ-ները