Կայացավ Կոմկուսի ավանդական մայիսմեկյան երթը
Այսօր Երևանում կայացավ Հայաստանի կոմունիստական կուսակցության կազմակերպած աշխատավորների մայիսմեկյան ավանդական տոնին նվիրված երթը: Երթը, մեկնարկելով Մարտիրոս Սարյանի արձանի հարակից տարածքից, ավարտվեց Ստեփան Շահումյանի արձանի մոտակայքում տեղի ունեցած հանրահավաքով:
Երթը գլխավորում էին Հայաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը և Կոմունիստական միացալ առաջադիմական կուսակցության ղեկավար Վազգեն Սաֆարյանը, ով գալիք խորհրդարանական ընտրություններում Կոմկուսի հետ հանդես է գալիս միասնական համամասնական ցուցակով:
Երթի մասնակիցները, որոնք մեծ մասամբ Հայաստանի շրջաններից էին, իրենց գլխավերևում պահում էին երբեմնի Խորհրդային ժամանակաշրջանի վերաբերյալ հիշողություններ արթնացնող՝ «Կոմունիստների հաղթանակը ժողովրդի հաղթանակն է», «Հայաստան, սոցիալիզմ, աշխատանք», «Հողը՝ գյուղացուն» «Խաղաղություն. աշխատանք. մայիս», «Կեցցե մայիսի 1-ը» կարգախոսներով պաստառներ:
Ինչպես երթի ընթացքում panorama.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ կոմկուսի առաջնորդ Ռուբեն Թովմասյանը, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը պայքարում է հայ ժողովրդի «բարեկեցության և բարօրության համար»:
Անդրադառնալով գալիք խորհրդարանական ընտրություններում Կոմկուսի հնարավորություններին, կոմկուսի առաջնորդը նշեց, որ եթե ընտրությունները անցնեն արդար և «ժողովուրդը չահաբեկվի» ապա Կոմկուսը կստանա ձայների «առնվազն 10 %-ը»: