Այսօր տոն է. Օրը` ոչ աշխատանքային
«Խորհրդային տարիներին մայիսի 1-ին ուրախանում էին բոլորը` տարեց ու երեխա, աշխատավոր ու գործազուրկ: Իսկ այսօր… Թեև կրկին տոնական օր է, բայց նախ շատերը չեն էլ հիշում, կամ հիշում են ու մտածում` «ի՞նչ տոն էէէէէ, գործ չունեմ» կամ` «լավ է այնքանով, որ այսօր գործի չեմ` ոչ աշխատանքային օր է: Չեմ կարծում, որ տոնական տրամադրություն առաջացնող տոն է»,- Panorama.am-ի հետ զրուցում ասաց 56-ամյա Գեղամ Ալեքսանյանը, ով աշխատանք ունի, բայց ինչպես ընդգծեց, իր համար էլ տոն չէ, քանի որ «աշխատանքն աշխատանք չէ. այնքան որ տանից դուրս եմ գալիս»:
Այսօր աշխարհի ավելի քան 140 երկրում նշվում է Աշխատանքի օրը: 1886 թվականին, Փարիզում 2-րդ ինտերնացիոնալի կոնգրեսը որոշել է միավորել միջազգային պրոլետարիատը և պայքարել իրավունքների համար, իսկ դա սկսել առաջին աշխատանքային օրը կրճատելուց: Այդպիսով, Կոնգրեսը որոշել է նաև, որ կլինի մեկ միասնական օր, երբ աշխարհի բոլոր երկրներում բանվոր դասակարգը իշխանություններին կներկայացնի իր պահանջները:
Փարիզյան կոնգրեսից հետո մայիսի 1-ն առաջին անգամ նշվեց 1890 թվականին մի քանի երկրներում: 20-րդ դարի սկզբին շարժումը տեղափոխվել է Ռուսաստան: Խորհրդային տարիներին ԽՍՀՄ բոլոր երկրներում տոնը նշում էին մեծ շուքով, հանդիսություններով, «քանի որ բանվոր դասակարգ կար այն ժամանակ, ում իրավունքները հարգում էին, ում գնահատում էին»,- ասում է քաղաքացի Գուրգեն Անտոնյանը:
Հայաստանը Աշխատանքի օրը նշում է սկսած 2005 թվականից: «Այսօր տոն է մեր երկրում, ինչպես շատ այլ երկրներում: Իհարկե, ոչ բոլորի համար է տոն, քանի որ Հայաստանում գործազրկության մակարդակը բավականին բարձր է: Հիմա նախընտրական այս շրջանում շատ քաղաքական ուժեր են խոստանում ապահովել այսքան աշխատատեղ` խորհրդարանում հայտնվելուց հետո: Հուսանք, որ այդպես էլ կլինի: Բայց, այնուհանդերձ, տոնական օր է, ու նրանք, ովքեր այսօր չեն աշխատում, թող լավատես լինեն` մի օր իրենք էլ անպայման աշխատանք կգտնեն»,- ասաց 30- ամյա Դավիթը: Նա աշխատում է, գոհ է իր աշխատանքից, աշխատավարձից, «թեև որ մի քիչ էլ ավել լիներ, ավելի լավ կլիներ: Բայց հայ ենք, ինչքան էլ տան` դժգոհելու ենք»:
«Այո, միգուցե, մեր երկրում այնքան էլ լավ չի վիճակը, գործազրկություն, ցածր աշխատավարձ, բայց վերջին տարիներին բավականին աշխատատեղեր են ստեղծվել, դրա մասին շատերն են խոսում: Իհարկե, քիչ են, բավարար չեն, բայց ժամանակի ընթացքում կկարգավորվի իրավիճակը: Հիշեք, մի քանի տարի առաջ վիճակն ավելի վատ էր: Այնպես որ, այսօր տոն է ու փորձենք ուրախանալ ու տոնել ամեն մեկս մեր բաժնով»,- ասաց 25-ամյա Աննան, ով ավարտել է Երևանի պետական համալսարանն ու այս պահին աշխատանք է փնտրում: «Չեմ վհատվում, փնտրում եմ, տարբեր տեղեր եմ դիմում ու երևի մի օր ես էլ կկարողանամ ասել, որ այսօր իմ տոնն է՝ այսինքն աշխատանքի, աշխատավորի»,- շարունակեց Աննան:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են