Յուրօրինակ ցուցահանդես` ձու, մուրաբա, ասֆալտ… խորհրդանիշը` 5000 դրամանոց
Հովհաննես Թումանյանի թանգարանում բացվեց յուրօրինակ մի ցուցահանդես, որտեղ ներկայացված էին` ձու, բնամթերք, մուրաբա, ասֆալտ: Ցուցահանդես-ակցիայի խորհրդանիշն էր Հ. Թումանյանի պատկերով 5000 դրամանոցը: Եվ այսպիսով… Ցուցահանդես-ակցիան ընտրակաշառքների թեմայով էր:
«Ցուցահանդեսը նվիրված է խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Հայաստանում լայն տարածում գտած ընտրակաշառքին: Մենք ունենք նման պրոբլեմ, բոլորը գիտեն այդ մասին, բայց ոչ ոք չի զբաղվում դրա դեմ պայքարով: Այս ցուցահանդեսով ցանկանում ենք ընտրակաշառք երևույթը դարձնել որպես երևացող նյութ»,- լրագրողներին ասաց ցուցահանդեսի կազմակերպիչ «Արտ Լաբորատորիա» հասարակական կազմակերպության անդամ Հովհաննես Մարգարյանը: Նա համոզված է, որ արվեստի միջոցով հնարավոր է որոշակի մեսիջներ հասցնել հասեատիրոջը, բայց փոխել որևէ բան` հավանականությունը քիչ է, քանի որ փոխելն արդեն քաղաքական գործընթաց է:
Ցուցահանդեսի ընթացքում ներկայացվում էր Youtube-ից վերցրած տեսանյութեր ընտրակաշառքի թեմաներով, օրինակ, թե ինչպես է մի կին ասում է` «նրան 5000 եք տվել, ինձ էլ տվեք» և այլն:
Ցուցահանդեսում ներկայացված էր նաև Լյուդվիկ Խաչրատրյանի «Ընտրական իրավունքն ու ընտրակեղծիքները» գրքից մի հատված, որտեղ աղյուսակներով ներկայացված էր 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ թե տվյալ բնակավայրում քանի մարդ է բնակում, իսկ արդյունքում` քանի ընտրող է ունեցել տվյալ բնակավայրը: «Պարզվել է, որ ինչքան քիչ մարդ կա, այնքան ընտրող շատ է եղել»,- ասաց Հ. Մարգարյանը: Ցուցահանդեսը կշարունակվի մինչև մայիսի 7-ը: