«ԼՏՊ զարմիկ Տիգրանը» Տիգրան Տեր-Պետրոսյա՞նն է
Wikileaks-ի հրապարակած դիվանագիտական հաղորդագրություններից մեկում, որը թվագրված է 2008 թվականի ապրիլի 29-ին և որտեղ խոսվում է Հայաստանից արտագաղթի խնդիրների մասին, այդ ժամանակ Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը Վաշինգտոն հաղորդել է հետևյալը. «Ընդդիմության առաջնորդները քաղաքական ապաստան և/կամ տուրիստական վիզա ստանալու համար կապվել են մեզ հետ, որպեսզի ճգնաժամը հաղթահարեն ԱՄՆ-ում:
Նրանցից մեկը Լևոն Տեր-Պետրոսյանի (ԼՏՊ) զարմիկն էր, ով ԼՏՊ տեղակալների մեկի պատմելով` իր կյանքի համար վախենալով այժմ թաքնվում է ԱՄԷ-ում: ԼՏՊ-ի վստահված անձը դիմել է դեսպանություն տուրիստական վիզա ստանալու հարցում օգնության խնդրանքով և պնդել, որ ԱՄՆ տարածքում հայտնվելու դեպքում Տիգրանը քաղաքական ապաստան խնդրելու մտադրություն չունի»:
Ի հավելումն ամերիկացի դիվանագետը նաև նշել է. «Մենք ԼՏՊ-ի ներկայացուցիչներին բացատրեցինք, որ Տիգրանի գործի բարեխղճության հարցում համոզվելու անհնարինության հետ կապված մենք չենք կարող միջամտել վիզայի տրամադրման գործընթացին, ուստի նա պետք է վիզայի համար ընդհանուր հիմունքներով դիմի Դուբայում գլխավոր հյուպատոսություն»:
Այս հաղորդագրությունը, թերևս, ընթացիկ ընտրական ցիկլում շատ ավելի հետաքրքիր է, քան այն գրելու կամ հրապարակելու պահին: Բան այնն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը Տիգրան անունով զարմիկ իսկապես ունի, և նա այս պահին Երևանի թիվ 12 ընտրատարածքում գրանցված է որպես պատգամավորության թեկնածու:
Ուստի, եթե թեկնածու Տիգրան Տեր-Պետրոսյանն այն նույն անձն է, ում մասին խոսվում է վերը նշված հաղորդագրության մեջ, հարց է առաջանում` արդյոք Տիգրան Տեր-Պետրոսյանը բավարարել է երկրի տարածքում վերջին հինգ տարիներին մշտական բնակություն ունենալու օրենսդրական պահանջը:
Չի բացառվում, որ հաղորդագրության մեջ նշված «զարմիկ Տիգրանն» առհասարակ կապ չունի Տիգրան Տեր-Պետրոսյանի հետ: Իսկ եթե, այնուամենայնիվ, խոսքը նույն մարդու մասին է, չի բացառվում նաև, որ նա ԱՄԷ կամ մեկ այլ երկիր այցելել է կարճաժամկետ հատվածով և խնդիր չունի Հայաստանում մշտական բնակության հետ: Բայց բոլոր դեպքերում դիվանագետների այն պատասխանը, որով խորհուրդ է տրվել մուտքի արտոնագիր ստանալ Դուբայում, հուշում է, որ Տիգրանը ԱՄԷ-ում գտնվել է բավականին տևական ժամանակ:
Հաշվի առնելով, որ երկրում մշտական բնակության հարցում ունեցած խնդիրների պատճառով երկու քաղաքացիների` Խաչատուր Սուքիասյանին ու Էդուարդ Մադաթյանին մերժվել էր գրանցել որպես պատգամավորության թեկնածու, ցանկալի է, որպեսզի թե պատկան մարմինները և թե անձամբ Տիգրան Տեր-Պետրոսյանը որոշակի պարզաբանումներ տային:
Շարունակելի
Մանրամասները հաջորդիվ` Տիգրան Տեր-Պետրոսյանի` մեր հարցմանն արձագանքելուն պես
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում