ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է Google Developer Group of Armenia խմբին
Ապրիլի 27-29-ը Ծաղկաձորում կայացավ gt hackathon Armenia 2012 մրցույթի եզրափակիչ փուլը: Այսօր Մեդիամաքսի գրասենյակում տեղի է ունեցել հաղթողների պարգևատրումը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը Android անվանակարգում հաղթող թիմի ղեկավարին հանձնել է Samsung Galaxy Nexus սմարթֆոն, իսկ Chrome App անվանակարգում հաղթող թիմի ղեկավարին` HTC Flyer պլանշետային համակարգիչ:
Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, gt hackathon Armenia 2012-ի կազմակերպիչներն են Google Developer Group of Armenia և Հայկական սոցիալական մեդիա ասոցիացիան: Հաքաթոնի գլխավոր հովանավորն էր ՎիվաՍել-ՄՏՍ-ը, պաշտոնական գործընկերը` «Մեդիամաքս» մեդիա ընկերությունը:
gt hackathon Armenia 2012 եզրափակիչ փուլին մասնակցելու համար ընտրվել էր 15 նախագիծ: Ապրիլի 29-ին, երկօրյա եզրափակիչ աշխատանքից հետո, թիմերը ներկայացրել են իրենց նախագծերը, որից հետո ժյուրին գնահատել է դրանք ու հայտարարել հաղթողներին:
Մրցույթի նպատակն էր ստեղծել ծրագրեր, որոնք աշխատում են Android օպերացիոն համակարգի վրա եւ հավելումներ (extensions/apps) Google Chrome բրաուզերի համար:
Android անվանակարգում հաղթող է ճանաչվել Event Guide նախագիծը (թիմի ղեկավար` Մինաս Քեշիշյան): Event Guide-ը իրենից ներկայացնում է միջոցառումների կենտրոնացված համակարգի Android հավելված, որը թույլ է տալիս համակարգից օգտվողներին առցանց տեղեկանալ Հայաստանում սպասվող մշակութային, սպորտային և ժամանցային իրադարձություններին մասին, կատարել նշումներ օրացույցում, գնահատել և առանձնացնել նախընտրելի միջոցառումները։
Այն թույլ է տալիս գտնել մոտակայքում տեղի ունեցող իրադարձություններ կամ կատարել ընդլայնված որոնում, ինչպես նաև դրանց մասին սոցիալական ցանցերով տեղեկացնել ընկերներին։ Օգտվողները կկարողանան հավելվածի օգնությամբ հեշտորեն ձեռք բերել էլեկտրոնային QR տոմսեր` շարժական վճարումների համակարգով:
Chrome App անվանակարգում հաղթող է ճանաչվել Me Chat նախագիծը (թիմի ղեկավար` Կարեն Ղանդիլյան): Նախագիծը իրենից ներկայացնում է սոցկայքերի, մասնավորապես, Google+-ի, Facebook-ի չաթերի կենտրոնացման համար նախատեսված հավելում: Բրաուզերի պատուհանում բացվում է փոքրիկ դաշտ, որի մեջ հնարավոր կլինի տեսնել սոցքկայքերում տվյալ պահին առցանց գտնվող ընկերներին: Բացի դրանից, Me Chat-ն առաջարկում է թարգմանության հնարավորություն, որն աշխատում է Google Translate համակարգի միջոցով: Օգտատերը կարող է, օրինակ, Facebook-ի չաթում գրել հայերեն հաղորդագրություն, որը խոսակցին ուղարկվելուց առաջ կթարգմանվի նրա համար նախընտրելի լեզվով` ցանկության դեպքում կուղարկվի նաև օրիգինալ տարբերակը: Համապատասխան կերպով պատասխանն ավտոմատ կթարգմանվի կարգավորումներում նշված լեզվով:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ը աջակցում է Google Developer Group of Armenia-ին, և Hakathon 2012-ին, քանի որ հավատում է, որ նման նորարարական նախագծերը և միջոցառումները հսկայական ներազդեցություն ունեն երկրի ՏՏ ոլորտի առաջխաղացման հարցում: Hakathon-ի մասնակիցները հանդես են եկել բջջային մի շարք նորարարական ծրագրերի նախաձեռնություններով և սա, անկասկած, Հայաստանում ծրագրերի զարգացման ոլորտի համար ամենահզոր խթանն է: Սա նաև ստիպում է մեզ հավատալ մեր ժողովրդի հնարավորություններին», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Հայաստանում հաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը սերտորեն համագործակցում է HTC-ի հետ` Android օպերացիոն համակարգի վրա աշխատող նորարարական լուծումները հայաստանյան բաժանորդներին հասանելի դարձնելու ուղղությամբ: ՎիվաՍել-ՄՏՍ-ն այդ ընկերության առաջին պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում: Ընկերությունը վճռականորեն սատարում է բաց ռեսուրսների գաղափարը, որը ծրագրեր մշակողներին թույլ է տալիս դուրս գալու նոր ասպարեզներ, ինչն իր հերթին նպաստավոր պայմաններ և խթաններ է ապահովում ոլորտի զարգացման համար, ինչը և ցույց տվեց Hakathon 2012-ը, որի ընթացքում ստեղծվեցին բբջային հաղորդակցման նորարար, հետաքրքիր և հարմարավետ գործիքներ և ծառայություններ` բջջային բաժանորդների համար», - ավելացրել է Ռալֆ Յիրիկյանը:
Android և Chrome App անվանակարգերում երեքական նախագծեր ստացել են խրախուսական մրցանակներ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին