Հայաստանը տուգանվել է «Եվրատեսիլ 2012»-ին մասնակցելուց հրաժարվելու համար
Եվրոպական հեռարձակողների միությունը տուգանել է Հայաստանին Բաքվում անցկացվելիք «Եվրատեսիլ» երգի մրցույթին մասնակցելուց հրաժարվելու համար:Այս մասին հաղորդում է Իտառ-Տասս-ը: Հեռարձակողների միության ներկայացուցիչը ասել է, նման որոշում կայացվել է Հեռուստատեսային խորհրդի և ռեֆերենտային խմբի կողմից` գործն ուսումնասիրելուց հետո: Որոշման արդյունքում Հայաստանը պետք է վճարի մասնակցության համար նախատեսված գումարը, ինչպես նաև որպես տուգանք այդ գումարի 50 տոկոսը: Բացի այդ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը պարտավոր կլինի ուղիղ եթերում և առանց դադարների ցուցադրել մրցույթի բոլոր փուլերը՝ երկու կիսաեզրափակիչ և եզրափակիչը: Հակառակ պարագայում, Հայաստանը կարող է զրկվել «Եվրատեսիլ 2013»-ին մասնակցելու իրավունքից:
Եվրահեռարձակողների միության ներկայացուցիչն ասել է, որ որոշում կայացնելիս հաշվի չեն առել այն դրդապատճառները, որոնց հիման վրա Հայաստանը հրաժարվել է մասնակցել: «Գոյություն ունի կանոնակարգ և որոշակի ժամկետից հետո մասնակցության ցանկության հայտնած երկիրը չի կարող փոխել իր որոշումը»,- ասել է նա՝ հստակեցնելով, որ հենց դա է տեղի ունեցել Հայաստանի դեպքում՝ չմասնակցելու մասին հայտարարարել են, «երբ նախատեսված բոլոր ժամկետները արդեն սպառվել էին»:
«Իտառ Տասը» նշում է, որ փետրվարի 24-ին մի խումբ հայ էստրադային երգիչներ հայտարարել են, որ հրաժարվում են մասնակցել Բաքվում անցկացվող «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթին: Նման որոշման պատճառը եղել է այն, որ դրանից մեկ օր առաջ հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանցի դիպուկահարի արձակած կրակոցից սպանվել էր ՀՀ Զինված ուժերի ժամկետային զինծառայող: Եվրահեռարձակողների միության գործադիր տնօրեն Ինգրիդ Դելտոնրեն ասել է, որ Երևանի նման քայլը «Միության կանոններին չի համապատասխանում»:
Հիշեցնենք, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ» մրցույթին Հայաստանի մասնակցության վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը չի կարող պատվիրակություն ուղարկել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու: «Թեև Ադրբեջանի իշխանություններն անվտանգության երաշխիքներ խոստացան մասնակից բոլոր երկրներին, բայց օրեր առաջ Ադրբեջանի նախագահն այդ երկրներից մեկի համար «բացառություն արեց»` հայտարարելով, թե Ադրբեջանի թիվ մեկ թշնամին աշխարհասփյուռ հայությունն է»,-նշված է հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա